Մեկ տարվա համար վճարել եմ 250 դոլար և օնլայն դասերի եմ գնում․ Փաշինյանը՝ հարվածային գործիքների վրա նվագելու մասին

Ես չեմ նվագում, ես  սովորում եմ նվագել, մասնակցում եմ օնլայն վճարովի դասերի, ասել է Փաշինյանը


ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է այն հարցին, թե որտեղ է սովորել նվագել հարվածային գործիքների վրա։


«Ես չեմ նվագում, ես սովորում եմ նվագել։ Մասնակցում եմ օնլայն վճարովի դասերի։ Մի պլատֆորմ կա, որտեղ մի շատ տաղանդավոր երաժիշտ և շատ տաղանդավոր ուսուցիչ այդ դասերը տալիս է։ Ենթադրում եմ, որ նա չգիտի, որ ես մասնակցում եմ այդ դասերին, կամ գուցե գիտի։ Ես 250 դոլար 1 տարվա համար վճարել եմ, և այդ դասընթացներով, այդ մոդուլով մասնակցում եմ», – ասել է Փաշինյանը՝ նշելով, որ հիացած է այդ տաղանդավոր երաժշտի արած աշխատանքով, թե ինչպես կարող է զրոյից ուղեկցել և սովորեցնել նվագել հարվածային գործիքների վրա։


Փաշինյանը նաև անդրադարձել է քննադատություններին, թե երբ է վարչապետը հասցնում աշխատել և սովորել նվագել։


«Ես ընդհանրապես բոլորին խորհուրդ եմ տալիս․ եթե որևէ բան անելու համար ձեզ ժամանակ չի հերիքում, արթնացեք մի ժամ շուտ։ Եթե էլի չի հերիքում, ուրեմն արթնացեք 2 ժամ շուտ, եթե էլի չի հերիքում, արթնացեք 3 ժամ շուտ։ Իհարկե, քնի պակաս անպայման կառաջանա, բայց աշխատելու համար ժամանակ պետք է ստեղծել։ Հիշում եմ «Ելք» դաշինքի ժամանակ համաժողով էինք անում կառավարության նիստերի դահլիճում, և էն ժամանակ ես ելույթներից մեկում խոսեցի նրա մասին, որ մեզ պետք է էնպես անել, որ Հայաստանում մարդիկ արթնանան ժամը 6–ին։ Էսօր ես արթնանում եմ ժամը 5–ին, իմ պատկերացրած Հայաստանից մի ժամ շուտ, եթե պետք կլինի 2 ժամ շուտ կարթնանամ», – ասել է Փաշինյանը։


Leave a comment