Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից: Մեզ համենայնդեպս կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից, հայտարարել է Փաշինյանը
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․ԱՌԿԱ/․ Առաջիկա 5 տարում Հայաստանը ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունի և ՀԱՊԿ-ում իր աշխատանքները չի ակտիվացնելու, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից: Մեզ համենայնդեպս կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից», – ասաց Փաշինյանը ԱԺ-ում կառավարության 2026-31 թվականների ծրագիրը ներկայացնելիս։
Նա նշեց, որ Հայաստանը բոլոր հարցերը տվել է կազմակերպությանը, և ոչ մի պատասխան չի ստացել։
«ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի հետաքրքրությունը սպառված է», – հայտարարեց վարչապետը։
Հայաստան — ՀԱՊԿ հարաբերությունների մասին
2024 թվականին Հայաստանը հայտարարեց ՀԱՊԿ-ում մասնակցության սառեցման մասին: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա բացատրում էր անվտանգության ոլորտում Հայաստանի առջև կազմակերպության կողմից իր պարտավորությունների չկատարմամբ:
Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարում էր, որ Երևանը ձեռնպահ է մնում կազմակերպության բյուջեի շրջանակում ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
Երևանում ավելի վաղ նշում էին, որ ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ վերջնական որոշումը կարող է կայացվել Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի ինքնիշխան տարածքների շուրջ տիրող իրավիճակին կազմակերպության երկրների քաղաքական արձագանքի բացակայության դեպքում:
ՀԱՊԿ-ում հայտարարում են, որ շարունակում են Երևանին տեղեկացնել ընդունվող որոշումների մասին: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանը մնում է կազմակերպության մասնակից, աջակցում է դրա որոշումներին, բայց չի մասնակցում նիստերին: