Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ատոմակայանի հարցում խնդիրը բացարձակապես այն չէ, որ մոդուլային ռեակտորների տեխնոլոգիան ԱՄՆ-ում դեռ արտադրական չէ, այլ փորձարկումների փուլում է և ավելի վաղ, քան 2030 թվականը, չի սպասվում արտադրական կարողություն:
Վերջին հաշվով, Մեծամորի ատոմակայանն աշխատելու է մինչև 2036 թվական՝ համենայն դեպս նախատեսվում է այդպես, ու մինչ 2036 թվական ԱՄՆ ևս կարող է կառուցել մոդուլային ռեակտորներ:
Տվյալ պարագայում հարցը այլ է՝ ձևաչափը: Հրաժարվելով, այսպես ասած, մեծ կամ «դասական» չափի ատոմակայաններից և անցնելով մոդուլայինի, Հայաստանը հրաժարվում է միջուկային էներգետիկայի մի կարևոր բաղադրիչից՝ քաղաքականից, որը թույլ է տալիս միջուկային էներգետիկան դարձնել պետական անվտանգության ապահովման կարևոր ռեսուրս:
Եվ այս խնդիրն առկա է, անկախ, թե ում հետ է Հայաստանը կառուցում մոդուլային ռեակտոր: Կկառուցի ԱՄՆ հետ, թե Ռուսաստանի, թե Չինաստանի՝ վերջին երկուսը արդեն ունեն կիրառվող մոդուլային ռեակտորներ, ըստ էության, չունի սկզբունքային նշանակություն: Ըստ իս, սկզբունքային հարցը այն է, որ Հայաստանը հրաժարվում է դասական ատոմակայանի ձևաչափից, հետևաբար՝ միջուկային էներգետիկայի կարևոր մի բաղադրիչից՝ քաղաքականից: