ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որում վերջինս նշել էր, թե շատ գոհ կլիներ, եթե որոշեին Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից։
Կրեմլի ներկայացուցիչը խոստովանել է, որ դժվարանում է հասկանալ նման դիրքորոշումը. «Անկեղծ ասած, դժվարանում եմ հասկանալ, թե ինչ է նշանակում՝ գոհ կլինեի, եթե ինձ հեռացնեին։ Եթե Երևանն այլևս տարածաշրջանային անվտանգության ապահովման նման կարևոր կազմակերպությանն անդամակցելու կարիք չունի, ապա ազատ է ընդունել համապատասխան որոշում և լքել այն»։
Պեսկովը հավելել է, որ մինչ օրս հայկական կողմից տարբեր մակարդակներով հնչել են հայտարարություններ անդամակցությունը սառեցնելու մասին, սակայն նշվել է, որ դուրս գալու պլաններ չկան։