Փաշինյանը հայտարարեց ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնելու մտադրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

24.08.2026 | 11:46

«Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական միությանը։ Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է, և առաջիկայում մենք, թերևս, կսկսենք այս գործընթացը՝ առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»,-  այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը մանրամասնեց, որ ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեն պետք է անցկացվի ոչ թե գործընթացի մեկնարկին, այլ այն փուլում, երբ արդեն առկա կլինեն հստակ ճանապարհային քարտեզ և պատասխաններ։ 

«Հանրաքվեն տվյալ պրոցեսի ոչ թե մեկնարկի հատկանիշ է, այլ կարևոր հանգրվան։ Իմ ընկալումն այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարցով պաշտոնապես Եվրոպական միությանը դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո»,- ընդգծեց Փաշինյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառված արտահանման սահմանափակումներին՝ Փաշինյանը նշեց, որ դա հակասում է ԵԱՏՄ կանոններին և ճգնաժամ է հենց կազմակերպության համար, մինչդեռ Հայաստանի համար առիթ է տնտեսական լիարժեք դիվերսիֆիկացիայի հասնելու։

«Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Այն իրավիճակը, երբ Հայաստանի Հանրապետությունը գնալու տեղ չունի, այլընտրանք չունի, սպառնալիք է մեր պետականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը։ Ձևավորում ենք և ձևավորելու ենք այլընտրանքներ Հայաստանի համար՝ ինչպես դա արեցինք սպառազինության ձեռքբերման և բենզինի շուկայի ազատականացման հարցում»,- նշեց գործադիրի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Անի Թամրազյան

Leave a comment