TRIPP-ի երկաթուղին անցնելու է Արաքսի ափով․ Փաշինյանը մանրամասնել է ուղին (PAN.am)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում ներկայացրել է TRIPP-ի երկաթուղու երթուղին և անդրադարձել դրա տնտեսական ու տարածաշրջանային նշանակությանը։

«TRIPP-ն անցնելու է Նռնաձոր-Ագարակով, ՀՀ հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով, խորհրդային ժամանակներում գոյություն ունեցած` բոլորիս հայտնի գծով։ Այդ երկաթուղին Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապելու է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ։ Սրանով ահռելի բեռնափոխադրումներ են իրականացվելու հատկապես Արևելքից Արևմուտք, և դրանք անցնելու են TRIPP-ի Նռնաձոր-Ագարակ երկաթուղով»,- ասել է Փաշինյանը, մեջբերում է Sputnik Արմենիան։

Նրա ներկայացմամբ՝ Ագարակից բեռները մուտք են գործելու Նախիջևան, և այդ գործընթացի կառավարումը Հայաստանի համար էական կարևորություն ունի։ Փաշինյանը հիշեցրել է, որ խորհրդային տարիներին Նախիջևանից եկող երկաթուղին Արարատի մարզի Երասխ բնակավայրով մուտք է գործել Հայաստան, շարունակվել մինչև Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայր, այնուհետև անցել Թուրքիա։

ՀՀ վարչապետը նշել է, որ ներկայում միջազգային ներդրողները, ոգևորված TRIPP նախագծով, սկսել են **Երասխ-Ախուրիկ երկաթուղային հատվածը շրջանցող տարբերակներ փնտրել։ **Փաշինյանի գնահատմամբ՝ Հայաստանի համար սա խնդիր է դարձել, քանի որ երկիրը զրկվում է մեծ եկամուտներից, ներուժից և աշխատատեղերից։ Այս իրավիճակում վարչապետը մեկ հիմնական խնդիր է առանձնացրել՝ պատճառը երկաթուղու տվյալ հատվածի՝ ռուսական երկաթուղու կառավարման ներքո գտնվելն է, մինչդեռ Արևմուտքը Ռուսաստանի հետ խնդիրներ ունի։

«Նրանք համարում են, որ նման ճանապարհով բեռնափոխադրում անելով` ռիսկի են դիմում։ Մենք խնդիր չունենք, որ հայկական երկաթուղին գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, բայց մենք չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։ Մենք հարգանքով ենք վերաբերվում ՌԴ-ին ու նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով մենք հիմա կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ»,- ասել է Փաշինյանը։

Նա նաև շեշտել է, որ թեև այդ նախաձեռնությունը TRIPP-ի հետ կապ չունի, Պարսից ծոցի և Սև ծովի միջև ևս երկաթուղային հաղորդակցություն է բացվելու՝ անցնելով Իրանի, Վրաստանի, Նախիջևանի և Հայաստանի տարածքով։

«Սա դարակազմիկ փոփոխություն է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի, թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի հետ»,– ասել է Փաշինյանը` ընդգծելով, որ այն դառնալու է տարածաշրջանային ապաշրջափակման կարևոր հարակից արդյունքներից մեկը։

Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել են 7 կետից կազմված համատեղ հռչակագիր, որով նախատեսվել է Հայաստանի հարավային հատվածով՝ Սյունիքի մարզով, ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել։ Այն կոչվելու է «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն է ապահովելու դեպի Նախիջևան։


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նաև նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարել է, որ ՀՀ-ն ամերիկյան կողմին ոչ թե 99 տարով հող է տրամադրում վարձակալության, այլ կառուցապատման իրավունք է տալիս։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։

Leave a comment