Մենք չպետք է այլևս երազենք այլ հայրենիքի մասին, որովհետև ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը. վարչապետ

Մենք չպետք է այլևս երազենք այլ հայրենիքի մասին, որովհետև ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը. վարչապետ

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Մենք որոշեցինք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու մեր արտաքին քաղաքական օրակարգում, ու մինչ նախադասություններ էինք ձևակերպում մեր հանրությանը բացատրելու, թե ինչո՛ւ, իրադարձություններն իրենք ի ցույց դրեցին մի պերճախոս բացատրություն, երբ բոլորովին վերջերս Իսրայելի կառավարությունն ամենասուր վճռականությամբ Հայոց ցեղասպանության ճանաչման պրոցես սկսեց, ապա նույնպիսի վճռականությամբ կանգնեցրեց այդ պրոցեսը: Այս մասին իններորդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի շրջանակում Կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա էլ էր մի կարևոր իրադարձություն, որ բացեց վարագույրը, և մենք բոլորով տեսանք, ստիպված եղանք տեսնել, թե ինչ է կատարվում դրա հետևում: Միջազգային խաղացողները (ներողությո՛ւն այս ձևակերպման համար) մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում:

Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանցով կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում, այնպես ինչպես եղել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին ու վերջին, ու մինչև բոլորովին վերջերս: Մենք պետք է վերջ տանք Հայոց ցեղասպանության զենքայնացման այս գործընթացին, որովհետև եթե նույնիսկ միամտություն ունենանք մտածելու, թե դա նաև զենք է մեր ձեռքին, այդ զենքի կրակոցից էլի ու էլի մենք ենք զոհվել, էլի ու էլի մենք ենք զոհվելու:

Ապրիլի 24-ը մեր Ապրիլի 24-ն է: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը մեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն է, ու մենք պետք է խոկանք՝ Ծիծեռնակաբերդում խոնարհված, ու պետք է որոշենք, որ ՀՀ-ն բոլոր ժամանակների կոտորածների, տեղահանությունների, ցեղասպանության զոհերի հետնորդների գերեզման չպետք է լինի, այլ հայրենիք-պետություն, որտեղ մարդիկ ապրում են ազատ, բարեկեցիկ և անվտանգ: Մենք չպետք է այլևս երազենք այլ հայրենիքի մասին, որովհետև ՀՀ-ն է մեր երազանքների հայրենիքը, ու մենք երջանիկ ենք, որ ունենք այդ հայրենիքը»,- ասաց նա:

Leave a comment