ՀՀ դատական համակարգը մեծապես շարունակում է մնալ նախկին վերնախավերի շահերի ու հետաքրքրությունների պաշտպան․ Փաշինյան

Հայաստանի դատական համակարգը կաստայացված է, չունի լիարժեք օրգանական կապ իշխանության միակ աղբյուրի և կրողի՝ ժողովրդի հետ, հայտարարել է Փաշինյանը


ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի դատական համակարգը մեծապես շարունակում է մնալ հիմնականում վերնախավերի և հիմնականում նախկին վերնախավերի շահերի ու հետաքրքրությունների պաշտպան, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


Նա նաև նշել է, որ Հայաստանի դատական համակարգը կաստայացված է, չունի լիարժեք օրգանական կապ իշխանության միակ աղբյուրի և կրողի՝ ժողովրդի հետ։


«Հայաստանում իշխանության միակ կրողը ժողովուրդն է, բայց գործում են դատական իշխանության գեներացման համակարգեր, որոնք ժողովրդից այնքան են հեռացված, որ, ըստ էության, նրա հետ ոչ մի կապ չունեն։ Հարցեր է հարուցում, մասնավորապես, դատավորների կողմից Բարձրագույն դատական խորհրդի անդամներ ընտրելու կարգավորումը, որովհետև պարզ հարց է ծագում՝ իսկ ումի՞ց է բխում բարձրաստիճան պաշտոնյաներ ընտրելու դատավորների այդ իշխանությունը», – ասաց Փաշինյանը ԱԺ-ում կառավարության 2026-31 թվականների ծրագիրը ներկայացնելիս։

Նա նշեց, որ Հայաստանում որևէ իշխանություն կարող է բխել միայն ժողովրդից, և այն իշխանությունը, որը ժողովրդից չի բխում, ըստ վարչապետի, առնվազն հարցեր է առաջացնում։

«Այս տարօրինակ կառուցակարգը մինչ օրս գործում է մեկ պարզ պատճառով․ այն գտնվում է սահմանադրական պաշտպանության ներքո և դատական համակարգում նույնպես իշխանության լիարժեք լեգիտիմություն հաստատելու միայն մեկ ճանապարհ կա՝ նոր Սահմանադրության ընդունումը», – նշեց Փաշինյանը։

Leave a comment