Կանգնած ենք միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու վտանգի առաջ

Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով մենք հիմա կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո։ Մենք հարգանքով ենք վերաբերում ՌԴ-ին ու նրա շահերին, բայց չենք կարող մեզ թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։ ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի։ Միջազգային ներդրողները՝ ոգևորված լինելով ԹՐԻՓՓ նախագծով և ներդրումներ անելու մեծ ախորժակ ունենալով, Երասխ-Ախուրիկ երկաթուղային հատվածը շրջանցելու ուղիներ են փնտրում։ Փնտրում են սխեմա, որ բեռները Նռնաձոր-Ագարակ երկաթուղով Նախիջևան մտնելուց հետո դեպի արևմուտք ընթացքը շարունակեն ոչ Հայաստանի երկաթուղով, այլ շրջանցեն Հայաստանի երկաթուղին։

Սա մեզ համար մեծ խնդիր է, որովհետև նման սցենարում Հայաստանը մեծ եկամուտներ, ներդրումներ, պոտենցիալ, աշխատատեղեր, զարգացման հնարավորություններ է կորցնում։ Իսկ ինչու՞ են ներդրողները, բեռնափոխադրողները, ապրանքներ վաճառողներն ու ձեռք բերողները ուզում խուսափել Երասխ-Ախուրիկ երկաթուղուց, մի պարզ պատճառով՝ երկաթուղու այդ հատվածը թեև Հայաստանի լիարժեք սեփականությունն է, բայց գտնվում է ռուսական երկաթուղու կառավարման ներքո, իսկ Ռուսաստանի և արևմուտքի բարդ հարաբերությունները, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, միջազգային ներդրողներին, բեռնափոխադրողներին և առևտրի մասնակիցներին ստիպում են խուսափել, դա ռիսկ համարել և ռիսկի չդիմել:

Նրանք համարում են, որ աշխատելով նման ենթակառուցվածքների հետ ռիսկի են դիմում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ԹՐԻՓՓ-ով բեռնափոխադրումների ամենախոշոր հաճախորդները լինելու են այն երկրները, որոնք պատժամիջոցներ են կիրառել Ռուսաստանի դեմ։ Հասկանալի է, որ Հայաստանը ոչ մի առնչություն և ազդեցություն չունի Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցների հարցում։ Հասկանալի է, որ մենք խնդիր չունենք նաև այն փաստի հետ, որ Հայաստանի երկաթուղին գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո, սա մեզ համար համար որևէ խնդիր չի եղել և մենք երբեք այս թեմային չենք անդրադարձել»,- նշել է Փաշինյանը:

Leave a comment