Ուկրաինան հարձակվել է Ozon-ի երեք պահեստների վրա Դաղստանում, Ադիգեայում և Ստավրոպոլի երկրամասում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ օգոստոսի լույս 24-ի գիշերը Կրասնոդարում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 2 երեխա է զոհվել է, գրում է Meduza-ն։

Նրա խոսքով՝ «անօդաչու թռչող սարքի բեկորներն» ընկել են մասնավոր մանկական կենտրոնի վրա։ Վիրավորվել է ևս յոթ երեխա և երկու մեծահասակ։ Հարձակման հետևանքով հրդեհվել են նաև պահեստներ։

Բացի այդ՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների տակ են հայտնվել Ozon-ի երեք պահեստներ երկրի տարբեր շրջաններում՝ Ադիգեյսկում, Մախաչկալայում  և Ստավրոպոլի երկրամասի Նևինոմիսկում, հայտնել է մարկետփլեյսի մամուլի ծառայությունը։

Ադիգեյսկում և Նևինոմիսկում տուժածներ չկան, իսկ օբյեկտներն ու ապրանքները ներսում «նորմալ են», պնդում է Ozon-ը։ Սակայն պահեստները դեռևս փակ են։ Մախաչկալայում մի քանի մարդ վիրավորվել է և ստացել բժշկական օգնություն։ Այնտեղ հրդեհ է բռնկվել, պահեստը չի ընդունում առաքումներ, այնտեղից ապրանքներն անհասանելի կլինեն։

Ադիգեայի ղեկավար Մուրատ Կումպիլովը հայտնել է, որ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Տախտամուկայսկի շրջանի  Ozon-ի լոգիստիկ կենտրոնի տարածքում։

Դաղստանի նահանգապետի պաշտոնակատար Ֆյոդոր Շչուկինը հայտարարել է, որ հանրապետության Կումտորկալինսկի շրջանում «անօդաչու թռչող սարքերի բեկորների» անկման հետևանքով  «հրդեհ է բռնկվել պահեստներում»։ Նա նաև նշել է, որ տուժածներ չկան։

Ստավրոպոլի երկրամասում իշխանությունները հայտարարել են, որ հակաօդային պաշտպանությունը «հետ է մղում» Նևիննոմիսկի արդյունաբերական գոտին թիրախավորող ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը։ Նահանգապետ Վլադիմիր Վլադիմիրովը հետևանքների մասին չի հայտնել։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Աստրախանի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ստավրոպոլի երկրամասի, Ադիգեայի, բռնակցված Ղրիմի, ինչպես նաև Ազովի ու Սև ծովերի վրա խոցվել է ուկրաինական 351 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment