Ձուկ արտադրող հայ տնտեսվարողը ռուսական շուկայում արդեն մի քանի տասնամյակ իրեն զգում էր՝ ինչպես ձուկը ջրում։ Այստեղ արտադրվող գրեթե ամբողջ ձկնամթերքը հստակ երթուղի ուներ։
Այս տարիների ընթացքում հայ արտադրողն ունեցել է ձուկ, արտահանման շուկա, գնորդ։ Չի ունեցել միայն այլընտրանք։ Դրա կարիքը հատկապես սրվեց այս տարվա հունիսին, երբ Ռուսաստանը որոշեց՝ էլ սիրտը հայկական ձուկ չի ուզում։
Ի՞նչ պիտի անի տնտեսվարողը, որի առաջ մշտապես բաց դուռը փակվել է, որքանո՞վ է գործնականում հասանելի թղթի վրա բաց ներկայացվող եվրոպական դուռը, ձուկն ու ոլորտը կապրե՞ն. փորձելու ենք բացել «ձուկը ջրում բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ։
***
«2006 թվականից գնել եմ այս տարածքը, որն ամայի էր։ Ես ստեղծել եմ այն, ինչ դուք տեսնում եք այսօր»,- ասում է Վլադիմիր Մկրտչյանը։
Մենք 5000 քառակուսի մետր տարածքով բուծարան ենք տեսնում, ներսում՝ 50 տոննա ձուկ։ Վլադիմիր Մկրտչյանը չգիտի՝ դեռ ինչքան կապրեն իշխանները։
«Բոլորն էլ գիտեն՝ ինչն է պատճառը, մեզ համար անորոշ վիճակ է հիմա, չգիտենք արդեն՝ ե՞րբ է լինելու բաց ճանապարհ, որտե՞ղ է լինելու բաց ճանապարհ։ Անորոշությունն արդեն հասել է գագաթնակետին»,- ասում է ձկնաբույծը։
20 տարի շարունակ ամբողջ ընտանիքով աշխատել են, արդյունքը տվել արտահանողներին՝ Ռուսաստան տանելու համար։ Ասում է՝ արտահանման ուրիշ շուկա չկա։
«ժամանակին չենք դիտարկել, քանի որ Ռուսաստանը միշտ բաց է եղել մեզ համար, եղել են դեպքեր, որ փակվել է, նորից բացվել․ դիմացել ենք։ Բայց հիմա փակ է, ալտերնատիվ ճանապարհներ չունենք։ Ուրիշ երկրներում մրցունակ չենք։ Մենք մենակ մրցունակ ենք եղել Ռուսաստանի Դաշնությունում, քանի որ տարիների աշխատանք է տարվել այնտեղ՝ մեր ձուկը որպես բրենդ առաջարկելու համար․ վրան գրված էր՝ «армянская рыба», առնում էին։ Իսկ հիմա Եվրոպայում շատ էժան գնառաջարկ են տվել մեզ։ Եթե այդ գնով վաճառենք, մեր բոլորի տնտեսությունը կքանդվի։ Առանց այդ էլ է քանդվում հիմա։ Հոսանքի ծախսեր ունենք, ջրի ծախս ունենք, ամենամեծ ծախսը կերն է, որը հիմա ոչ մեկ չի կարողանում տա, որովհետև կեր չունի»,- ասում է Վլադիմիր Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ կերը ներմուծում են Եվրոպայից։ Այնտեղ արժեքը կիլոգրամի համար 1 եվրո է, այստեղ հասնում է 2 եվրո 14 ցենտով։ 50 տոննա ձուկը նորմայում մեկ ամսվա ընթացքում 12-13 տոննա կեր է սպառում, ամսական ծախսն այդպիսով 11 միլիոն դրամ է կազմում։ Այս բուծարանի ձկները կես ամիս կեր չեն ստացել։
«Դեռ ինչքան հնարավոր է՝ պահում ենք, ինչպես ասում է՝ հույսը վերջում է մահանում, մենք էլ միշտ լավատես ենք, սպասում ենք Կառավարությունից ինչ-որ մի լավ լուրի՝ թե՛ ճանապարհների բացման համար, թե՛ աջակցության»,- ասում է նա։
Վլադիմիրը միակ սպասողը չէ։ 2025 թվականին Հայաստանի ձկան և ձկնամթերքի արտահանման 97,4%-ը բաժին է ընկել Ռուսաստանին։ Արտահանվել է 11,2 հազար տոննա ձուկ ու ձկնամթերք, որից 10,1 հազար տոննան՝ շուրջ 90 տոկոսը, Ռուսաստան։
2026-ի առաջին եռամսյակում՝ դեռևս մինչև սահմանափակումները, Ռուսաստան արտահանվել է 2,2 հազար տոննա ձուկ և ձկնամթերք՝ 18,1 մլն դոլար արժեքով։ 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումն աճել էր շուրջ 47%-ով։
***
Ռուսական կողմը սահմանափակումները պաշտոնապես հիմնավորել է անասնաբուժական և սննդային անվտանգության խնդիրներով։ Հարցը հուլիսի վերջին քննարկվել է Փաշինյան-Պուտին հեռախոսազանգի ընթացքում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Փաշինյանը նշել է, որ հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանափակումները հակասում են երկկողմ իրավապայմանագրային դաշտին և ԵՏՄ կարգավորումներին։
ԵՄ-ում Ռուսաստանի տնտեսական գործողությունները Հայաստանի նկատմամբ մեկնաբանվում են որպես քաղաքական ճնշում։
Բայց նույնիսկ եթե խնդիրը քաղաքական է, դրա հետևանքի ուղիղ կրողը տնտեսվարողն է։
«Մենք այլ շուկա, որպես այդպիսին, չենք ունեցել։ Շատ քիչ քանակներ արտահանվել է Վրաստան, ժամանակին՝ Ուկրաինա, Միացյալ Նահանգներ։ Դրանք շատ քիչ քանակներ են, աննշան, ո՛չ ոլորտի վրա է երևում, ո՛չ էլ երկրի տնտեսության վրա»,- ասում է «Հայաստանի ձկնաբույծների միություն» ՀԿ տնօրեն Գոռ Գրիգորյանը։
Իրենց արտադրած ձուկը սպառելու խնդրի առաջ կանգնած տնտեսվարողները շաբաթներ առաջ Կառավարության շենք եկան։
«Երրորդ ամիսն է՝ լուրջ ֆինանսական ճգնաժամի առաջ ենք կանգնած»։
«Հարազատներ, այսօրվա դրությամբ՝ ես մարդ չգիտեմ, որ կարող է Եվրոպա արտահանել»։
«Լայվը տեսա նախարարի, ասում էր՝ այլևս երազանք չի Եվրոպա արտահանելը։ Մենք չենք էլ երազել ոչ մի անգամ»։
Ռուսաստանի՝ հայկական հերթական ապրանքատեսակի մեջ խնդիր տեսնելուց և արգելք սահմանելուց հետո Կառավարությունն այլ ճանապարհ ցույց տվեց, որը տանում է դեպի Եվրոպա։
«ՀՀ-ն Եվրոպական հանձնաժողովի կողմից պաշտոնական թույլտվություն է ստացել ԵՄ երկրներ հայկական արտադրության սառեցված ձուկ և վերամշակված ձուկ, ձկնամթերք արտահանելու հնարավորության վերաբերյալ»,- ասում է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Այսպես Կառավարությունը հաստատեց այն կանոնակարգերը, որոնք հնարավորություն կտան հայկական ձկնաբուծական ընկերություններին իրենց սառեցված ձուկն ու ձկնամթերքն արտահանել Եվրամիության երկրներ։
Էկոնոմիկայի նախարարությունը հայտարարեց՝ ձուկ արտահանողները կստանան ֆինանսական աջակցություն իշխանի կիլոգրամի համար՝ 820 դրամ, թառափի կիլոգրամի համար՝ 1350 դրամ։ Եթե արտահանումն իրականացվելու է դեպի ԵՄ երկրներ, ապա տնտեսվարողները պետք է գրանցված լինեն ԵՄ առևտրի վերահսկման ու փորձագիտական համայնքում և համապատասխանեն ԵՄ տեխնիկական կանոնակարգերին ու չափանիշներին։ Հայկական աճեցված ձկան որակի վերաբերյալ տարընթերցում կա։
«Ես, օրինակ, իմ անձնական փորձն ասեմ։ Կրքեր կբորբոքեմ դրանով, բայց վաղուց այդ աճեցված ձուկը չեմ օգտագործում։ Շատ վաղուց։ Որովհետև ինձ համար ակնհայտ է, որ էդտեղ խնդիր կա, որովհետև պատահում է, որ ձկան հետ առնչվում ես, տեսնում ես՝ ճարպերը սենց հոսում են վրայից»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի կարծիքը հակառակի մասին է․ «Դաշտում առկա ընկերություններից գրեթե 97 տոկոս տնտեսություններն էլ պատրաստ են։ Այստեղ արդեն մնում է, թե բիզնեսն ինչքան հետաքրքրված կլինի ԵՄ երկրներում իր ապրանքը վաճառելով»։
Factor TV-ն այս շաբաթ փորձեց ճշտել՝ եթե ՌԴ-ն սահմանափակումներ չկիրառեր, Փաշինյանը չէ՞ր նկատի բուծված ձկան հետ կապված խնդիրը։
«Սնունդն անվտանգության տեսանկյունից կարող է խնդիր չունենալ, բայց որակի ու համային հատկությունների տեսանկյունից կարող է խնդիր ունենալ»,- ասաց վարչապետը։
Կառավարությունը հաստատեց նաև մեկ այլ ծրագիր, որով ձկնաբուծական 135 տնտեսությունների միանվագ գումար կփոխանցվի՝ 2026 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ձեռք բերած կերի մեկ ամսվա միջին արժեքի 20 տոկոսի չափով։
***
Այսպիսով՝ պետությունը ներդրել է աջակցության 2 ծրագիր ու ասել՝ այսուհետև կարող եք ձկնամթերքը տանել նաև Եվրոպա։ Բայց արդյո՞ք դա հնարավոր է իրականության մեջ։ Ռուսական շուկայում ամրապնդվելու համար տնտեսվարողներից կապեր, իմիջի ձևավորման ժամանակատար ընթացք և երկար տարիներ են պահանջվել։ Հիմա կա մի նոր շուկա, բայց, կարճ ձևակերպմամբ, պետք է ամեն ինչ սկսել զրոյից։
«Եթե համապատասխան իրավական փաթեթը կարգավորված է, եթե կա համապատասխան թույլտվությունը, բնականաբար, այն տնտեսվարողները, ովքեր ցանկություն կունենան արտահանման գործընթաց իրականացնել, կարող են սահմանված կարգով դիմել լիազոր մարմնի և իրականացնել նշված գործընթացը։ Շատ ապրանքատեսակներ կան, որ որոշակի միջամտություն իրականացնելու դեպքում, օրինակ՝ ապխտելու կամ վերամշակելու, կարող են բավականին լավ պահանջարկ ունենալ Եվրոպական միության երկրներում»,- ասում է էկոնոմիկայի նախարարության անասնաբուծության վարչության պետ Տիգրան Ալեքսանյանը։
«Ինչից մենք ձուկը ստանում ենք, հումքը 90%-ով գալիս է Եվրոպայից, և մի բան է, որ դու բերում ես, դա այստեղ վերամշակում, սարքում ես ապրանք և նորից այդ նույն լոգիստիկ ճանապարհով հետ է ստանում, մի այլ բան է, որ դու այդ լոգիստիկայի խնդիրը չունես, տեղում ես»,- հակադարձում է «Հայաստանի ձկնաբույծների միություն» ՀԿ տնօրենը։
Ձկան բարձր ինքնարժեքի հետևանքով ցածր մրցունակության պնդումներին ի պատասխան՝ Ալեքսանյանը հիշեցնում է արտահանումը խթանող աջակցության ծրագիրը, իսկ հումքը դրսից է բերվում դիտարկմանն ի պատասխան՝ ասում է, որ կարելի է արտադրել այստեղ։ Եվ խոսակցությունը վերադառնում է նույն կետին․ այստեղ ևս ժամանակ է պետք։
«Մենք 30 տարի գնացել ենք գիմնաստիկայի, հիմա եկել, ասում են՝ պիտի շտանգի մրցումների գնաք։ Ցավդ տանեմ, 30 տարի ա պետք, կամ գոնե մի քանի տարի՝ շորերը փոխենք․․․ Չէէէ, վաղվանից պիտի գնաք շտանգի մրցումների»,- ասում էր Կառավարության առաջ ցույց անող տնտեսվարողներից մեկը։
«Բնականաբար, հիմա և՛ տնտեսվարողները, և՛ պետությունը պետք է իրականացնեն աշխատանքներ, որպեսզի կարողանանք այլ շուկաներ գտնել։ Այս առումով պետությունն իր կողմից դրված աշխատանքների 100%-ը գրեթե իրականացրել է։ Գիտե՞ք ինչ, այստեղ միայն պետության դերը չի։ Այստեղ հիմնական դերը տնտեսվարողներինն է։ Եթե տնտեսվարողն ունի ապրանք, որն անհրաժեշտ է իրացնել, տնտեսվարողն ինքը պետք է քայլեր ձեռնարկի իր կողմից աճեցված ապրանքն իրացնելու համար։ Հիմա պետությունն ինչքան աջակցման մեխանիզմներ, ինչքան քայլեր իրականացնի, ամեն դեպքում՝ խոշոր գործընթացը, պահանջը, պրոցեսը պետք է նախաձեռնի տնտեսվարող։ Եթե տնտեսվարողը նստի, ոչ մի բան չմտածի, բնականաբար, այդպես չի ստացվի»,- պնդում է Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը։
Ըստ Էկոնոմիկայի նախարարության՝ գնդակը տնտեսվարողի դաշտում է։ Այն, որ վերջինը դեռ չի գտնում դարպասը ու մոտ ապագայում դեռ դժվար գտնի, հարցի մի կողմն է։ Մեկ այլ շերտ բացվում է այն ժամանակ, երբ փորձում ենք հասկանալ՝ ի՞նչ ճանապարհ պետք է անցնի ձուկ արտահանողը, եթե որոշի գնալ բախտը մեծ քաղաքներում որոնելու՝ չնայելով վերոնշյալ խնդիրներին։
Այս պահին եվրոպական մաքսային մարմինները թվային եղանակով կարող են տեսնել արտահանողի փաստաթղթերը։ Բայց արդյո՞ք դա բավարար է։ Այս անգամ հարց տվողը հենց Կառավարության ներկայացուցիչն է։
«Ապրանքի հետագծելիության խնդիրը մենք չենք լուծել, դրա համար մեր բեռնափոխադրողները չեն ուզում գործ ունենալ այդ տիպի, և ես հասկանում եմ` ինչն է պրոբլեմը, իրենք չեն ուզում, որովհետև այդ կոդը նաև ենթադրում է, որ այդ ապրանքը պիտի կապարակնքվի այդ կոդով և անցնի ԵՄ սահման, որը մենք ոչ մի կերպ չենք անում։ Մենք կապարակնիքների հարցն այդպես էլ չլուծեցինք, եթե շարունակենք չլուծել, կարծում եմ, որ անկախ մեր բոլորիս և, մասնավորապես, ձեր ջանքերից՝ մենք խնդիրը չենք լուծելու»,- ասում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Մաքսային ծառայողն այս պահին կարող է տեսնել՝ արտադրողն անցե՞լ է որակական ստուգում, թե՞ ոչ։ Բայց նա չի կարող իմանալ՝ ի՞նչ է բեռնատարում։ Գուցե լավ որակի ձուկ ունենալն ապացուցած տնտեսվարողը, օրինակ, հավ է տեղափոխում։ Մաքսային կետում ստիպված կլինեն երկար ստուգում իրականացնել։
«Իսկ այդ պարագայում, բնականաբար, և՛ բիզնեսի, և՛ բեռնափոխադրողների համար անորոշության սպեկտրն այնքան է մեծանում․․․ Իսկ այդ անորոշությունը ծախս է, որովհետև 1 ժամ ավելի սահմանին կանգնելը, 2 ժամ ավելի եվրոպական երկրում երթևեկելը ծախսեր են, որոնք այլևս գնագոյացման մեջ անհետաքրքիր են դարձնում մեր ապրանքը»,- ասում է Մհեր Գրիգորյանը։
***
Թե՛ պետությունը, թե՛ տնտեսվարողը տեսնում են խնդրի՝ իրենց հասանելի կամ ցանկալի շերտը։ Երկուսի տեսակետն էլ, ցանկության դեպքում, կարելի է հասկանալ, բացատրել, կարիքի դեպքում՝ հիմնավորել։ Երկուսն էլ մեծ մասամբ համաձայն են փոխադարձ փաստարկների հետ։
Ճանապարհը բաց է՝ երկու կողմերն էլ համաձայն են։
Այդ ճանապարհը հեշտ ու արագ չէ՝ երկու կողմերն էլ համաձայն են։
Բայց փոխըմբռնումը չի լուծում այն խնդիրը, որ հիմա Հայաստանի բուծարաններում ռեկորդային շատ ձկներ են լողում, որոնք ռեկորդային քիչ կեր ունեն։
Մանրամասները՝ տեսանյութում։
Արուսյակ Կապուկչյան