Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է

Հասարակություն

23.08.2026 | 16:09

Օգոստոսի 23-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը): Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է:

Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել են, որ օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով։

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Նշենք, որ զինծառայող Էդգար Գևորգյանի մահը վերջին տասը օրերի ընթացքում ոչ մարտական պայմաններում զինծառայողի մահվան արդեն երրորդ դեպքն է։ Օգոստոսի 19-ին էլ Ճամբարակ տանող ավտոճանապարհին «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան վրաերթի էր ենթարկել մի քանի զինծառայողի։ Վթարի հետևանքով նրանցից մեկը՝ Սուրեն Մամբրեի Վարդանյանը, մահացել էր։

Օգոստոսի 13-ին ՊՆ-ն հայտնել էր զորամասերից մեկի զինծառայող Գրիգոր Զաքարյանի՝ հրազենային վնասվածքով հայտնաբերվելու մասին։ Քննչական կոմիտեի տվյալներով՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է։

Leave a comment