Լավ նորություն ԱՄՆ վիզա ստանալ ցանկացողների համար

Նյու Յորքի դաշնային դատարանը չեղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից 75 երկրների քաղաքացիներին ներգաղթի վիզաների տրամադրման արգելքը՝ այդ քաղաքականությունը ճանաչելով օրենքին հակասող և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի լիազորությունների սահմաններից դուրս, հայտնում է CNN հեռուստաալիքը։

Տեղեկությունն այն մասին, որ Հայաստանը մտնում է այդ ցուցակի մեջ, հրապարակվել է ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում։

Մանհեթենի դաշնային շրջանային դատարանի դատավոր Ժանեթ Վարգասը հայտարարել է, որ Պետդեպարտամենտը փաստացի կարգադրել էր մերժել վիզաների տրամադրումը դիմողներին բացառապես նրանց քաղաքացիության հիմքով, նույնիսկ եթե նրանք կարող էին ապացուցել, որ չեն լինելու պետական օգնությունից կախված։

Հունվարին Պետդեպարտամենտը կասեցրել էր ներգաղթի վիզաների մշակումը աշխարհի երկրների մոտ 40%-ի համար, այդ թվում՝ Ռուսաստանի, Բրազիլիայի, Կոլումբիայի, Եգիպտոսի, Հայիթիի և Սոմալիի։ ԱՄՆ իշխանությունները որոշումը բացատրել էին նրանով, որ արգելում են պոտենցիալ նպաստ ստացողների մուտքը երկիր։

Սակայն ամերիկյան օրենսդրությունը նախատեսում է, որ որոշումը, թե արդյոք ներգաղթյալը կարող է դառնալ այսպես կոչված public charge՝ պետական աջակցությունից պոտենցիալ կախված անձ, պետք է ընդունվի անհատապես՝ հաշվի առնելով նրա ֆինանսական վիճակը, տարիքը, առողջական վիճակը, հմտություններն ու ընտանեկան հանգամանքները։

Վարգասը նշել է, որ Ռուբիոյի հրահանգը դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններին պարտադրում էր մերժել դիմողներին նույնիսկ այն դեպքերում, երբ նրանք ներկայացնում էին իրենց ֆինանսական ինքնուրույնության լրացուցիչ ապացույցներ։ Դատավորի կարծիքով, նման ընթացակարգի դեպքում «ելքը կանխորոշված է», և վիզան միևնույն է մերժվելու է։

Դատարանը նաև եկել է այն եզրակացության, որ այս քաղաքականությունը խախտում է 1965 թվականի օրենքը, որն արգելում է վիզաների տրամադրման ժամանակ խտրականությունը ազգության հատկանիշով։ Միևնույն ժամանակ, օրենքով նախատեսված այլ հիմքերով մերժման որոշումները մնում են ուժի մեջ։

Սահմանափակումները վերաբերում էին ԱՄՆ-ում մշտական բնակության համար ներգաղթի վիզաներին, այդ թվում՝ ընտանիքների վերամիավորման և աշխատանքի տեղավորման նպատակով։ Զբոսաշրջային և ուսանողական ոչ ներգաղթային վիզաները արգելքի տակ չէին ընկնում։

Դատավորը կողմերին ժամանակ է տվել մինչև սեպտեմբերի 11-ը՝ գործի հետագա քննության վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար։ Թրամփի վարչակազմը կարող է բողոքարկել որոշումը։

Leave a comment