USS Abraham Lincoln ավիակիրն վերադառնում է ԱՄՆ

Ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը վերադառնում է ԱՄՆ՝ գրեթե իննամսյա տեղակայումից հետո, որի ընթացքում այն գտնվել է Մերձավոր Արևելքում և աջակցել ԱՄՆ-ի ռազմական գործողությանը Իրանի դեմ։ Ինչպես NBC News-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան, նավն արդեն մի քանի օր է ճանապարհին է և պետք է մի քանի շաբաթից հասնի Սան Դիեգո

Ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը վերադառնում է ԱՄՆ՝ գրեթե իննամսյա տեղակայումից հետո, որի ընթացքում այն գտնվել է Մերձավոր Արևելքում և աջակցել ԱՄՆ-ի ռազմական գործողությանը Իրանի դեմ։ Ինչպես NBC News-ին հայտնել է ամերիկացի պաշտոնյան, նավն արդեն մի քանի օր է ճանապարհին է և պետք է մի քանի շաբաթից հասնի Սան Դիեգո։

USS Abraham Lincoln-ը ծովում անցկացրել է ավելի քան 250 օր։ Նավում գտնվում են մոտ 5 հազար նավաստիներ և ծովային հետևակայիններ։ Ի սկզբանե ավիակրի արշավանքը պետք է ավարտվեր մայիսին, սակայն այն երկարաձգվել է Իրանի հետ շարունակվող պատերազմի ֆոնին, որը սկսվել էր փետրվարի վերջին ամերիկյան և իսրայելական հարվածներից հետո։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հրամանատար ծովակալ Բրեդ Կուպերը տուն վերադառնալու մասին հայտնել է անձնակազմին ավիակիր կատարած իր այցի ընթացքում։ The Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում նա գրել է, որ նավաստիներին ասել է. «Դուք դարակազմիկ գործ եք կատարել, իսկ հիմա վերադառնում եք տուն»։

Միաժամանակ իննամսյա տեղակայումը ուղեկցվել է նավի վրա ծանր պայմանների մասին հաղորդումներով։ Զինծառայողների հարազատները NBC News-ին պատմել են սննդամթերքի և այլ պաշարների պակասի, տաք ջրի մատակարարման ընդհատումների և անձնակազմի որոշ անդամների հոգեբանական վիճակի վատթարացման մասին։ Հարազատներից մեկի վկայությամբ, զինծառայողները երբեմն ամիսներով փոստ չէին ստանում այն բանից հետո, երբ ավիակիրը վերաուղղվել էր Հարավչինական ծովից։

Նավաստիներից մեկի մայրը պատմել է, որ որդին պատերազմը սկսվելուց մոտ մեկ ամիս անց կապ հաստատելուց հետո իրեն ասել է, որ քաղցած է և նիհարում է։ Նա նաև ասել է, որ երբեմն մի քանի օր անընդմեջ տաք ջուր չի եղել, իսկ որոշ զինծառայողներ «լավ վիճակում չեն»։

Ավիակրի վրա նաև տեղի են ունեցել մարդկանց նավից ծովն ընկնելու մի քանի միջադեպեր, նավաստիներից մեկը փրկվել է։ Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել են, որ այս դեպքերը մտահոգություն են առաջացնում ռազմածովային ուժերի համար, սակայն չեն դիտարկվում որպես անձնակազմի շրջանում հոգեկան առողջության լայնածավալ ճգնաժամի վկայություն։

Սակայն Կուպերը մերժել է նավի վրա լուրջ խնդիրների մասին պնդումները։ Ըստ նրա, գործող 11 ամերիկյան ավիակիրների թվում USS Abraham Lincoln-ն այժմ ունի հոգեկան առողջության հետ կապված դիմումների ամենացածր ցուցանիշներից մեկը։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը նույնպես հայտարարել է, որ նավի վրա իրավիճակի մասին հաղորդումները «լիովին խեղաթյուրված» էին։ Նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ ավիակրի իննամսյա տեղակայումը անվանել էր «ոչ այնքան երկարատև»։

USS Abraham Lincoln-ը լքել է Սան Դիեգոն նոյեմբերի 21-ին։ Սովորաբար ամերիկյան ավիակրի արշավանքը տևում է մոտ վեցից յոթ ամիս, սակայն այս անգամ նավը ծովում անցկացրել է մոտ ինը ամիս։ Ամերիկացի պաշտոնյայի տվյալներով, դեկտեմբերից ի վեր ավիակիրը ոչ մի նավահանգիստ չի մտել, այսինքն՝ անձնակազմը ծովում անընդմեջ անցկացրել է ավելի քան 200 օր։

Մինչ USS Abraham Lincoln-ը վերադառնում է տուն, տարածաշրջան է մեկնել մեկ այլ ամերիկյան ավիակիր՝ USS George Washington-ը։ Այն չորեքշաբթի օրը ժամանել է Մերձավոր Արևելք՝ նոր տեղակայում սկսելու համար։

Leave a comment