Reuters-ի փոխանցմամբ՝ Չինաստանի կողմից ռուսական նավթի գնումների աճը դժվարացնում է Հնդկաստանի համար անհրաժեշտ ծավալների ապահովումը՝ այն պայմաններում, երբ մատակարարումների խափանումներն արդեն ճնշում են ասիական նավթային շուկան։
Kpler-ի գնահատմամբ՝ օգոստոսին Չինաստան ռուսական նավթի ծովային ներմուծումը կազմում է օրական մոտ 1.25 մլն բարել՝ հուլիսի 1,423 մլն բարելի դիմաց։ Reuters-ը նշում է, որ հուլիսն ու օգոստոսը ապրիլից ի վեր Չինաստանի համար ռուսական նավթի ծովային ներմուծման ամենաբարձր ցուցանիշներով ամիսներից են եղել։
Սովորաբար Չինաստանը ռուսական նավթի հիմնական մասը ստանում է Ռուսաստանի արևելյան նավահանգիստներից՝ ESPO տեսակի նավթի տեսքով, մինչդեռ Հնդկաստանը մեծապես կախված է Ռուսաստանի եվրոպական հատվածի նավահանգիստներից արտահանվող Urals տեսակից։ Սակայն օգոստոսին այդ եվրոպական նավահանգիստներից Չինաստան մատակարարումների բաժինը, Kpler-ի տվյալներով, աճել է մինչև 31%։
Reuters-ի գնահատմամբ՝ օգոստոսին Ռուսաստանի եվրոպական նավահանգիստներից Հնդկաստանի ներմուծումը կազմել է օրական 1.82 մլն բարել՝ գրեթե 30%-ով կամ մոտ 770 հազար բարելով պակաս։ Հնդկաստանի նավթի ընդհանուր ներմուծումը նվազել է մինչև օրական 4.17 մլն բարել՝ հուլիսի 5.06 մլն բարելի դիմաց և Իրանի հետ հակամարտության մեկնարկից ի վեր նվազագույն մակարդակը։
Reuters-ը նշում է, որ Հնդկաստանը դժվարանում է բավարար ծավալներ գտնել ռուսական մատակարարումները փոխարինելու համար։ Եթե հումքի պակասը սեպտեմբերից սկսի սահմանափակել հնդկական նավթավերամշակման գործարանների աշխատանքը, դա կարող է նվազեցնել դիզելային վառելիքի և բենզինի արտահանումը և էլ ավելի սրել Ասիայում մատակարարումների ճգնաժամը։