Շեշտակի նվազել է Նիկոլ Փաշինյանի գրքի վաճառքի ծավալը. news.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» վեպի վաճառքիծավալը վերջին հինգ տարիների ընթացքում շեշտակի նվազել է։ Այս մասին NEWS.amը տեղեկացել է Փաշինյանի տարեկան հայտարարագրերի և գրքի վաճառքի ցուցանիշների ուսումնասիրությունից։

Մասնավորապես՝ NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հայտնել է, որ 2025 թվականին Փաշինյանի գրքի վաճառքը կազմել է 96 օրինակ։ Համեմատության համար նշենք, որ 2019 թվականին վաճառվել էր գրքի 500-ից ավելի օրինակ։

Ինքը՝ Փաշինյանը, իր գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի 2020 թվականի հայտարարագրում նշել է, որ 2019 թվականին գրքի հեղինակային վարձատրության (ռոյալթիի) համար «Անտարես հոլդինգ» ՍՊԸ-ից ստացել է 2,406,865 ՀՀ դրամ եկամուտ։ Մինչդեռ 2023 թվականին «Անտարես հոլդինգ»-ից ստացած եկամուտը կազմել է 121,400 ՀՀ դրամ։

Ուշագրավ է, որ2023 թվականից հետո Փաշինյանի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերում բացակայում են վերջինիս գրական աշխատանքի դիմաց տրվող հատուցումների վերաբերյալ տվյալները։

Հաշվի առնելով հիշյալ հանգամանքը՝ NEWS.am-ը դեռևս հունիսին գրավոր հարցմամբ դիմել էր վարչապետի աշխատակազմին՝ ճշտելու, թե 2025 թվականի ընթացքում արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը եկամուտ (հոնորար) ստացել է «Անտարես» ՍՊԸ-ից իր հեղինակային «Երկրի հակառակ կողմը» գրքի վաճառքից կամ վերահրատարակումից, և եթե այո, որքա՞ն է այն կազմել։ Ինչպես նաև հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք 2025 թվականին Նիկոլ Փաշինյանի և «Անտարես» հրատարակչության միջև կնքվել է նոր պայմանագիր կամ գործող պայմանագրի փոփոխություն՝ կապված վերոնշյալ գրքի տպագրության կամ տարածման հետ:

Ի պատասխան՝ Վարչապետի աշխատակազմից հայտնել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2025 թվականի եկամուտների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում՝ միաժամանակ առաջարկելով բարձրացված հարցերի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար դիմել «Անտարես» հրատարակչություն։ Սա այն դեպքում, երբ հարցման մեջ արդեն իսկ նշվել էր, որ տվյալ տեղեկատվությունը հայտարարագրում բացակայում է։ Զավեշտալի էնաև այն, որվարչապետի աշխատակազմը հարցերի պատասխանը ստանալու համար առաջարկել է դիմել մասնավոր ընկերությանը («Անտարես» հրատարակչությանը)՝ չնայած հարցումը վերաբերում էր պաշտոնատար անձի եկամուտներին և նրա մասնակցությամբ պայմանագրերին։

Այնուամենայնիվ NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր նաև «Անտարես» հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանին՝ պարզելու, թե «Երկրի հակառակ կողմը» գրքի քանի՞ օրինակ է վաճառվել Հայաստանում և երկրի սահմաններից դուրս 2025 թվականին, արդյո՞ք 2025 թվականի արդյունքներով այն շարունակում է համարվել «բեսթսելեր», և գրքի հրատարակումից ի վեր (2018-2026 թթ․) ընդհանուր առմամբ քանի՞օրինակէ վաճառվել։

Ի պատասխան հարցման՝ «Անտարես» հրատարակչությունից հայտնել են, որ 2025 թվականին գրքի վաճառքը կազմել է 96 օրինակ։

«Հաշվի առնելով Հայաստանի գրաշուկայում մեկ անվանման գրքի տարեկան միջին վաճառքի վիճակագրությունը՝ այս ցուցանիշը, ինքնին, բավարար չէ գիրքը բեսթսելեր համարելու համար։ Այնուամենայնիվ, դիտարկելով վեպի ընդհանուր վաճառքի ցուցանիշը, որը կազմում է 7686 օրինակ, «Երկրի հակառակ կողմը» վեպը միանշանակ կարելի է դասել բեսթսելերների շարքին»,- նշել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հեղինակած գիրքը առկա է անգամ Բաքվի բանտի գրադարանում: Այս մասին այս տարվա մայիսին հիշատակել էր  Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը: Նա ցավով արձանագրել էր, որ բանտի գրադարանում հայերեն առկա երկու գրքերից մեկը Նիկոլ Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» վեպն է, որն ընթերցելուց հետո Վարդանյանն արձանագրել էր, որ Փաշինյանը գրագող է և յուրացրել է ուրիշի մտավոր սեփականությունը:

 

Leave a comment