Ռուսաստանի հարվածներից Կիևի յուրաքանչյուր երրորդ շենքը վնասվել է. Կլիչկո


Օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը ռուսական զորքերը երկու անգամ հարձակվել են Կիևի վրա։ Ավերվել են բնակելի շենքեր, դպրոց, մանկական հիվանդանոց, պահեստներ և արդյունաբերական ձեռնարկություններ։ Հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։ Օգոստոսի 21-ը Կիևում հայտարարվել է սգո օր։


Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն նշել է, որ ռուսական զորքերը շաբաթական մոտ երկու անգամ հարվածում են մայրաքաղաքին՝ օգտագործելով անօդաչու թռչող սարքեր, բալիստիկ և թևավոր հրթիռներ։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր նման հարձակումը քաղաքային բյուջեին արժենում է մոտ 500 միլիոն գրիվնա (11.2 մլն դոլար)։


Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից ի վեր տարբեր աստիճանի վնասներ են ստացել Կիևի 12 հազար բազմաբնակարան շենքերից մոտ 4 հազարը։ Քաղաքապետի խոսքով՝ միայն այս տարի գնդակոծություններից տուժել է մայրաքաղաքի մոտ 1,5 հազար բարձրահարկ շենք։


Կլիչկոն հավելել է, որ Կիևը շարունակում է նոր ապաստարաններ կառուցել և միջոցներ փնտրել ձմռանը պահեստային ջեռուցման համակարգ ստեղծելու համար՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հնարավոր հարձակումների դեպքում։


Հինգշաբթի կեսօրին, մի քանի ամսվա ընթացքում առաջին անգամ, հարձակման է ենթարկվել Կիևի կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտներից մեկը՝ թիվ 6 ջերմաէլեկտրակայանը։ Դեսնյանսկի և Դնեպրովսկի շրջանների բնակիչներին զգուշացրել են տաք ջրի մատակարարման հնարավոր խափանումների մասին։


The New York Times-ը հաղորդել է, որ Ռուսաստանը սկսել է թիրախավորել նաև սննդամթերքի պահեստները, ինչի հետևանքով Կիևի բնակիչները պատերազմ սկսվելուց ի վեր առաջին անգամ բախվել են սննդամթերքի պակասի։


Վերջին շրջանում Ռուսաստանն ուժեղացրել է Ուկրաինայի ուղղությամբ հրթիռային հարվածները։ The Economist-ի հաշվարկներով՝ հուլիսին ռուսական զինված ուժերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են ռեկորդային՝ 198 բալիստիկ և հիպերձայնային հրթիռ։ Դրանց մեծ մասը հարվածել է Կիևին։

Leave a comment