Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնության երկրորդ մրցումային օրը ևս հաջող չէր Հայաստանի թիմի համար:
Օգոստոսի 21-ին պայքարի մեջ են մտել Սաշա Պետրոսյանը (57 կգ), Արեն Հայրապետյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ), որոնք պարտվել են մեկնարկային գոտեմարտերում: Եթե Պետրոսյանին, Հայրապետյանին ու Նիկողոսյանին հաղթած ըմբիշները հասնեն եզրափակիչ, Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն կստանան պայքարել բրոնզե մեդալի համար:
Առաջին մրցումային օրը պարտվել ու պայքարից դուրս էին մնացել Գագիկ Ղազարյանը (61 կգ) և Ռազմիկ Եփրեմյանը (86 կգ):
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականի կազմում ԱԱ-ին կմասնակցեն նաև Դավիթ Դավթյանը (70 կգ), Վլադիմիր Ազարյանը (74 կգ) և Հենրիկ Հայկյանը (125 կգ), որոնք պայքարը կսկսեն օգոստոսի 22-ին:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականն ԱԱ-ում պայքարն ավարտել էր 1 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալով: Սամվել Տերտերյանը (77 կգ) նվաճել էր աշխարհի Մ-20 չեմպիոնի կոչումը, Յուրիկ Պետրոսյանն (87 կգ) արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիր:
Դավիթ Եղիազարյան