«Սև կարապների գիշեր»․ նոր ֆիլմի պրեմիերան` Երևանում
Հայկական կինեմատոգրաֆիան համալրվել է նոր թրիլլերով՝ «Սև կարապների գիշեր» ֆիլմով, որի պրեմիերան օգոստոսի 20-ին կայացավ «Կինոմոսկվա»-ում։
Ֆիլմի առանձնահատկությունն առաջին հերթին ձևաչափն է․ ամբողջ պատմության ընթացքում էկրանին երևում է միայն մեկ հերոս, որի կերպարը մարմնավորում է դերասան Վարուժան Մարգարյանը։ Մյուս կերպարների ներկայությունը զգացվում է հեռախոսային զանգերի և երկխոսությունների միջոցով՝ հերոսին աստիճանաբար տանելով վախի, մերժման, ըմբոստության, ապա նաև ընդունման տարբեր փուլերով։
«Սև կարապների գիշեր»-ի ռեժիսորը Գևորգ Մխիթարյանն է։ Նրա խոսքով՝ ֆիլմը նախատեսված է ոչ միայն որպես թրիլլեր, այլև որպես մարդու ներքին փոփոխությունների մասին հոգեբանական դրամա։ Պատմության կենտրոնում այն պահն է, երբ անսպասելի հանգամանքները ստիպում են մարդուն վերանայել սեփական որոշումները, համոզմունքներն ու կյանքի ընթացքը։
Ֆիլմի ստեղծագործական թիմը հերոսներին անուններ չի տվել։ Սա արվել է միտումնավոր՝ ընդգծելու համար պատմության համընդհանուր բնույթը․ տեղի ունեցող իրադարձությունները կարող են վերաբերել ցանկացած մարդու։
Ֆիլմի հիմքում «սև կարապի» տեսությունն է, որն առնչվում է անսպասելի և դժվար կանխատեսելի իրադարձություններին, որոնք կարող են կտրուկ փոխել իրավիճակն ու ստիպել մարդուն վերաիմաստավորել իր հետագա քայլերը։
Վարուժան Մարգարյանի համար մեկ դերակատարով լիամետրաժ ֆիլմում հանդես գալը նոր փորձություն է եղել։ Դերասանը նշում է, որ միաժամանակ հետաքրքիր էր և բարդ՝ հատկապես այն պատճառով, որ ամբողջ ֆիլմի ընթացքում հանդիսատեսի ուշադրությունը պահելու հիմնական պատասխանատվությունը հենց իր վրա էր։
«Դա մարտահրավեր էր ինձ համար, նաև նորություն էր։ Թե որքանով է ստացվել, կարող եմ հասկանալ միայն ֆիլմը դիտելուց հետո»,— նշել է դերասանը։
«Սև կարապների գիշեր»-ի ստեղծման համար նկարահանող թիմին անհրաժեշտ է եղել ընդամենը հինգ գիշեր։ Ֆիլմում հիմնական շեշտը դրվել է դերասանական խաղի, մթնոլորտի, երկխոսությունների և պատմության գաղափարական շերտերի վրա։
Մեկ դերասանի մասնակցությամբ ամբողջական պատմություն կառուցելու դեպքում առանցքային խնդիրներից մեկը հանդիսատեսի հետաքրքրությունն ու լարվածությունը մինչև վերջ պահպանելն է։ «Սև կարապների գիշեր»-ում այդ խնդիրը լուծվում է հերոսի շուրջ զարգացող իրադարձությունների և անընդհատ փոփոխվող հոգեբանական իրավիճակների միջոցով։