Վարդապետյանն այցելել է դատախազության հայցերով համայնքներին վերադարձված գույքերի տարածքներ

Վարդապետյանն այցելել է դատախազության հայցերով համայնքներին վերադարձված գույքերի տարածքներ (տեսանյութ)

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Լոռու մարզ կատարած երկօրյա այցի ընթացքում, մարզպետ Արեն Մկրտչյանի և մարզի դատախազ Մովսես Անտոնյանի ուղեկցությամբ, այցելել է Վանաձորի և Ալավերդու այն տարածքներ, որոնց համայնքներին վերադարձման գործընթացը սկսվել կամ ավարտվել է դատախազական ներգործության և պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցերի արդյունքում։

Վանաձորում գլխավոր դատախազի առաջին կանգառը Հրանտ Մաթևոսյանի անվան (Երկաթուղայինների) այգին էր։ Դատախազության ուսումնասիրությունների արդյունքում համայնքին է վերադարձվել 11 հողատարածք՝ 3426,85 քմ ընդհանուր մակերեսով։ Մյուս հողատարածքների պայմանագրերի լուծման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։

Ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ այգու տարածքում գտնվող՝ օտարման ոչ ենթակա 1000 քմ հողատարածքն ապօրինի է օտարվել։ Դեպքի առթիվ հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե, և նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարդապետյանը Վանաձորում այցելել է նաև Տիգրան Մեծի պողոտա, որտեղ ուսումնասիրվել է ընդհանուր օգտագործման տարածքների՝ վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման գործընթացի օրինականությունը։ Խախտումների հիմքով համայնքապետարան է ուղարկվել միջնորդագիր՝ համապատասխան պայմանագրերը լուծելու հարցը քննարկելու նպատակով։

Ալավերդիում գլխավոր դատախազն այցելել է մարզադաշտի և ճոպանուղու տարածքներ։ Մարզադաշտի 12 հազար քմ տարածքի օտարման օրինականության վերաբերյալ դատախազությունը հայց է ներկայացրել Վարչական դատարան։

Ճոպանուղու տարածքի՝ 2530 քմ հողամասի դեպքում ևս դատախազությունը դիմել է դատարան։ Կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությամբ՝ մասնավոր ընկերությունը պարտավորվել է ամբողջ անշարժ գույքը հանձնել Ալավերդի համայնքին։

Գլխավոր դատախազը նաև այցելել է Ալավերդու քաղաքային լճի տարածք, որտեղ իրականացվում են բարեկարգման աշխատանքներ։

Աննա Վարդապետյանը մարզի դատախազին մի շարք հանձնարարականներ է տվել՝ ապօրինի օտարված գույքերը համայնքներին վերադարձնելու ուղղությամբ՝ սահմանելով դրանց կատարման ժամկետները։

Leave a comment