«Ձեր կյանքի յուրաքանչյուր օրը նվիրումի և հայրական հոգածության վկայությունն է․․.»․ Արագածոտնի թեմի շնորհավորանքը՝ Վեհափառ Հայրապետին

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է:

Արագածոտնի Թեմի Թեմական խորհրդի, հոգևորականների, պաշտոնեության և հավատացյալների անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձերդ Սրբությանը` ծննդյան տարեդարձի առիթով:

Վեհափառ Տեր,

Ձեր կատարած գործերի մասին կարելի է անվերջ խոսել. Տերունական աղոթքը մանկան անմեղ շուրթերով թոթովող երեխաներ, Սուրբ Հաղորդության արժեքն իմացող եւ ամեն կիրակի Տիրոջ Մարմինն ու Արյունը ճաշակող, Հայրենիքի արժեքն իմացող եւ շենացնող երիտասարդներ, Սուրբ Գիրքն ու հայեցի ավանդույթն իրենց զավակներին ջամբող ընտանիքներ, խոնարհված Եկեղեցիներում ծնկի իջնող եւ շեն Եկեղեցիները էլ ավելի շենացնող հավատացյալներ, ուսյալ եւ նվիրյալ հոգեւորականներ, տոներ, որ նվիրված են մանկիկից մինչեւ մայրեր եւ ընտանիքներ, շեներում եւ քաղաքներում խոնարհումից վեր հառնող եւ նոր կառուցվող եկեղեցիներ եւ վանքեր… ի վերջո՝ վեհորեն կանգուն, սրտաբաց, աղոթալից , հայի սրբություն սրբոց շեն ՄԱՅՐ ՏԱՃԱՐ։

Վեհափառ Տեր, Ձեր կյանքի յուրաքանչյուր օրը նվիրումի, ծառայության և հայրական հոգածության վկայությունն է՝ ի սպաս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր հավատավոր ժողովրդի և մեր ազգային ու հոգևոր արժեքների պահպանության ու զորացման։

Ձեր հայրական օրհնությամբ և առաջնորդությամբ Հայոց Սուրբ Եկեղեցին շարունակում է իր առաքելությունը՝ հավատքի լույսը փոխանցելով սերունդներին, ամրապնդելով եկեղեցասեր մեր ժողովրդի հոգևոր կյանքը և զորացնելով նրա կապը Մայր Եկեղեցու ու Հայրենիքի հետ։ Իրավ է ասված՝ ՎՇՏԱՑՅԱԼ ՀԱՅՐԱՊԵՏ,քանզի Ձեր Հայրապետության տարիներին Դուք տեսաք եւ տարաք անդառնալի կորուստների ցավ, սակայն, փա՜ռք Բարձրյալին, նաեւ իրավ է ասված՝ ՀԱՂԹԱՆԱԿԱԾ ՀԱՅՐԱՊԵՏ, քանզի հաղթխնակած է այն անձը, որ հասել է իր կյանքի բոլոր նպատակներին։ Իսկ Դուք հասել եք Ձեր բոլոր նպատակներին։

Պողոս Առաքյալի նման այսօր Դուք էլ եք ձայնում՝ ասելով. «Եղբայրնե՛ր, յիշեցէ՛ք մեր վաստակը եւ ջանքը, երբ գիշեր-ցերեկ աշխատում էինք ձեզնից որեւէ մէկի վրայ ծանրութիւն չլինելու համար. եւ ձեզ քարոզում էինք Աստծու Աւետարանը: Վկայ էք դուք ինքներդ, վկայ է նաեւ Աստուած, թէ ինչպէս սրբութեամբ, արդարութեամբ եւ անբասիր կերպով վարուեցինք ձեզ՝ հաւատացեալներիդ հետ. ինչպէս գիտէք էլ, ձեզնից իւրաքանչիւրին, ինչպէս հայրը՝ որդիներին, մխիթարում էինք եւ սփոփում ու վկայութիւն էինք տալիս, որ դուք ընթանաք Աստծուն արժանի կերպով, որը կանչեց ձեզ իր արքայութեանը եւ փառքին:(Ա Թես. 2:9-12)։

Մաղթում ենք, որ Ամենակալ Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո երկար և արևշատ տարիներ պարգևի Ձերդ Սրբությանը՝ շարունակելու Ձեր նվիրական առաքելությունը՝ ի փառս Աստծո, ի պայծառություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և ի զորացումն հավատավոր մեր ժողովրդի։

Թող Տերը Իր անսպառ շնորհներով զորացնի Ձեզ, պարգևի քաջառողջություն, հոգու խաղաղություն և անսպառ կորով, որպեսզի Ձեր հայրապետական ծառայության տարիները շարունակեն պտղաբերել նորանոր բարի գործերով։

Որդիական խոնարհութեամբ`

մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Սուրբ եւ Օծեալ Աջոյն.

Leave a comment