Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի խաղաց Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս մրցեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» հետ։ Գրանցվեց 1:1 հաշիվը:

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց «Արարատ-Արմենիայի» հույն պաշտպան Ալեքսանդրոս Մալիսը (տեսանյութ): Ռումինիայի չեմպիոնի պատասխան գոլը 13 րոպե անց խփեց ռումինացի պաշտպան Նիկուշոր Բանկուն (տեսանյութ):

63-րդ րոպեին երևանյան ակումբի բրազիլացի հարձակվող Սանդրո Լիման գրավեց դարպասը, սակայն գոլը չարձրանագրվեց VAR համակարգով կրկնապատկերը դիտելուց հետո:

Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 27-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգա է տեղափոխվել Չեմպիոնների լիգայից, որի որակավորման երրորդ փուլում պարտվել էր Սլովենիայի չեմպիոն «Ցելյեին» (2:1, 0:2): Գլխավոր եվրագավաթի որակավորման նախորդ երկու փուլերում երևանյան ակումբը պայքարից դուրս էր թողել Լատվիայի չեմպիոն «Ռիգային» (2:0, 2:3) ու իռլանդական «Շեմրոք Ռովերսին» (2:0, 1:2)` ապահովելով առնվազն Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ուղեգիր։

«Ունիվերսիտատեա Կրայովան» ևս եվրագավաթներում պայքարը սկսել է Չեմպիոնների լիգայից, որի որակավորման առաջին փուլում պայքարից դուրս է թողել բելառուսական «Վիտեբսկին», իսկ հաջորդ փուլում պարտվել է Բուլղարիայի չեմպիոն Սոֆիայի «Լևսկիին» ու տեղափոխվել Եվրոպա լիգա: Նախորդ փուլում ռումինական ակումբը երկու խաղերի արդյունքում հաղթել էր ֆիննական «Կուպսին» (1:1, 2:1):

Եվրոպա լիգա, որակավորման փլեյ-օֆֆ, առաջին հանդիպում

«Ունիվերսիտատեա Կրայովա» (Ռումինիա) – «Արարատ-Արմենիա» (Հայաստան)՝ 1։1

Նիկուշոր Բանկու, 33 – Ալեքսանդրոս Մալիս, 20

Դավիթ Եղիազարյան

Leave a comment