Չինական Baidu ընկերությունը Դուբայում գործարկել է Apollo Go ամբողջությամբ անօդաչու տաքսիները, որոնք հնարավոր է պատվիրել Uber հավելվածի միջոցով: Այս մասին հայտնել է Baidu-ն։
«Այսօրվանից՝ օգոստոսի 20-ից, Baidu ընկերության Apollo Go անօդաչու ավտոմեքենաները պաշտոնապես հասանելի են Դուբայում Uber հարթակի ուղևորների համար», – հայտարարել են ընկերությունում։
Սկզբնական փուլում ծառայությունը կընդգրկի Ում Սուքեյմ և Ջումեյրա հիմնական շրջանները, որից հետո սպասարկման գոտին աստիճանաբար կընդլայնվի։ Անօդաչու ուղևորություն կարելի է պատվիրել UberX և Uber Comfort սակագները ընտրելու դեպքում կամ հավելվածում նախատեսված Autonomous հատուկ տարբերակի միջոցով։ Գործընկերության շրջանակում նախատեսվում է աստիճանաբար Uber-ի համաշխարհային ցանցում ինտեգրել Baidu-ի հազարավոր ռոբոտաքսիներ։
2026 թվականի Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի շրջանակում Apollo Go-ի անօդաչու ավտոմեքենան դարձել է միջոցառման պաշտոնական տրանսպորտը, իսկ դրա առաջին բարձրաստիճան ուղևորը եղել է Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մուհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը։ Դուբայում իրականացվող նախագիծը, հունվարին Աբու Դաբիում գործարկված ծառայության հետ միասին, ձևավորում է ընկերության ներկայության կարևոր կենտրոնը Մերձավոր Արևելքում։
Զուգահեռաբար Apollo Go-ն զարգացնում է նաև եվրոպական ուղղությունը՝ Uber-ի և Lyft-ի հետ համատեղ փորձարկումներ անցկացնելով Մեծ Բրիտանիայում, ինչպես նաև PostBus-ի հետ համագործակցությամբ Շվեյցարիայում գործարկելով AmiGo ինքնավար մեքենավարման ծառայությունը։
Այսօրվա դրությամբ Apollo Go-ն գործում է աշխարհի 28 քաղաքներում, իսկ ընկերության ավտոպարկերը ինքնավար ռեժիմում ընդհանուր առմամբ անցել են ավելի քան 350 միլիոն կիլոմետր։ Դրանցից ավելի քան 240 միլիոն կիլոմետրն անցել է ամբողջությամբ անօդաչու ինքնավար ռեժիմով՝ ըստ ընկերության հայտարարության։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։