ՏԱՍՆՅԱԿ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ԶՈՀՎԵԼ Է ՀԵՐՈՍԱԲԱՐ ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻ ՀՈՂԻ. ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ՍՈՒՐԵՆ ԵՍԱՅԱՆ


Հասարակություն

2020 թվականի Արցախյան 44-օրյա դաժան պատերազմում, ցավոք կորցրեցինք հազարավոր լուսավոր երիտասարդների, նրանցից մեկն էլ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍԻ ԵՍԱՅԱՆՆ էր։

Հունվարի 15-ը նրա ծննդյան օրն էր, կդառնար 24 տարեկան։ Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող գերեզմանատուն, անմահ հերոսի շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել։

Սուրենի հարազատը, ժողովրդական երգիչ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԲԱԽԱՆՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում, խորը ցավը սրտում նշեց. «Սուրենը ծնվել է 2002 թվականի հունվարի 15-ին Երևանում։ Սովորել է Տաթև դպրոցում, ապա Հնդկաստանի Կալկաթա քաղաքի Հայոց մարդասիրական ճեմարանում, իսկ հետո ավարտել Երևանի թիվ 195 դպրոցը։ Ընդունվել է Երևանի Ֆրանսիական համալսարան, որտեղ կիսատ թողնելով բարձրագույն ուսումը, 2020-ի հուլիսի 23-ին մեկնել է պարտադիր զինվորական ծառայության, Ջաբրայիլում։ Պատերազմի սկզբից, լինելով ընդամենը 2 ամսվա զինծառայող դիպուկահար, ակտիվ գործողությունների մեջ է մտել։ Զոհվել է հոկտեմբերի 10-ին, Հադրութի Վանք գյուղի մոտակայքում։ Սուրենը, լինելով 18 տարեկան, տիրապետում էր հինգ լեզուների. ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, հնդկերեն։ Նա ընդունվել էր Ֆրանսիական համալսարանի կառավարման ֆակուլտետը։ Զինվորական երդում էր տվել Մարտունիում, ապա որպես դիպուկահար տեղափոխվել Ջաբրայիլ։ Սուրենը զոհվել է առաջին հրադադարի օրը, հոկտեմբերի 10֊ին, վերջին զանգն այդ օրն ենք ստացել։ Շատ էր ուրախացել, տղաներին էլ է ասել, որ հրադադար է։ Մենք հարազատներով խնդրում էինք լինել շատ ուշադիր, վերև նայել, կողքեր նայել, հիշել միշտ իրենց, որովհետև մեզ հերոս պետք չէ, մեզ դու ես պետք։ Սուրենը շատ էր սիրում սպորտով զբաղվել։ Ռեգբի էր խաղում 12 տարեկանում, նա տեղափոխվեց Հնդկաստան սովորելու բայց երեք տարի անց ուսումը կիսատ թողեց, հայրենիքը կարոտելու պատճառով։ Բանակ մեկնելուց առաջ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր այսպես.

«ԲՈԼՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԱՌԱԿՏՈՒՄՆ Է ԵՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ԹՇՆԱՄԻՆ։ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԼԻՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՄԻԱՅՆ ԱՇԽԱՐՀԻՆ ԵՎ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ԱՊԱՑՈՒՑԵԼ ՀԱԿԱՌԱԿԸ։ ԵՍ ՊԱՏՐԱՍՏ ԵՄ» ։ Հոկտեմբերի 10֊ին, Հադրութի Վանք գյուղի անտառներում դավաճան հրամանատարի փախուստից հետո, մնալով շրջափակման մեջ, իր տասնյակ ընկերների հետ զոհվել է հանուն հայրենի հողի։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԿՆԱՅԻՆ ԾՆՈՒՆԴԴ, ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ։ՔՈ ՍԽՐԱՆՔՆ ԱՆՄԱՀ Է, ՔՈ ԱՆՈՒՆԸ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ։ ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ, ՄԵՐ ԲՈԼՈՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ…

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment