Թուրքիայի ԱԳ նախարարը բացառում է օդային հարվածների հետևանքով Իրանում իշխանության փոփոխության հնարավորությունը

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը կտրականապես բացառել է Իրանի կառավարության տապալման հնարավորությունը օդային ռմբակոծությունների միջոցով։ Այս մեկնաբանությունը հնչել է CNN Turk-ի ուղիղ եթերի ժամանակ, որտեղ Ֆիդանը քննարկել է տարածաշրջանային անվտանգության դինամիկան ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող միջուկային բանակցությունների համատեքստում, գրում է Turkiye today-ը։

Ֆիդանը հայտնել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև միջուկային բանակցությունները, որոնք սկզբնապես առաջարկվել էին անցկացնել Ստամբուլում, Իրանի խնդրանքով տեղափոխվել են Օման: Նա բացատրել է, որ Իրանի ղեկավարությունը որոշել է շարունակել բանակցությունները Օմանում, քանի որ այն ուներ նախապես որոշված ​​կանոններ վայրի, ձևաչափի և մասնակից կողմերի վերաբերյալ։

«Մեր առաջարկը տարբեր էր. «Հանդիպեք դեմ առ դեմ իրանցի պաշտոնյաների և ամերիկացիների հետ, մի՛ խոսեք միջնորդի միջոցով կողմնակի սենյակներում»»,- ասել է Ֆիդանը:

Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Օմանի բանակցությունների հաջող ավարտին՝ նշելով, որ երկուշաբթի խոսել է իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ։

Ֆիդանը զգուշացրել է, որ Միացյալ Նահանգների և Իրանի միջև ցանկացած նոր հակամարտություն լուրջ հետևանքներ կունենա տարածաշրջանի համար։

«Տարածաշրջանը չի կարող դիմանալ նոր պատերազմի բռնկմանը»,- ասել է նա՝ նշելով, որ ներկայում պատերազմի անմիջական սպառնալիք չկա։

Նա գնահատել է, որ կա հնարավորություն, որ ԱՄՆ-Իրան լարվածությունը կարգավորվի բանակցությունների միջոցով։

Ֆիդանը նաև ընդգծել է, թե Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ խաղաղությանը և դիվանագիտությանը տարածաշրջանային մարտահրավերներին դիմակայելու հարցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment