Մահացել է անվանի ճարտարապետ պրոֆեսոր Մուրադ Հասրաթյանը


Մշակութային

Կյանքի 90-րդ տարում մահացել է հայ անվանի ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Մուրադ Մարգարի (Մորուսի) Հասրաթյանը:

Մուրադ Հասրաթյանը ծնվել է 1935 թվականի հունիսի 20-ին Երևանում՝ հայ գիտության և մշակույթի նշանավոր ընտանիքում։ Նրա հայրը՝ Մորուս (Մարգար) Հասրաթյանը, պատմաբան-բանասեր էր, Մատենադարանի և Հայաստանի պատմության թանգարանի նախկին տնօրեն, իսկ մայրը՝ Սիրանուշ Մարտիրոսյան-Հասրաթյանը, վաստակավոր մանկավարժ։

1958 թվականին Մուրադ Հասրաթյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ստանալով ճարտարապետի որակավորում։ Նրա ուսուցիչների թվում էին հայ ճարտարապետության խոշորագույն ներկայացուցիչներ Ռաֆայել Իսրայելյանը, Սամվել Սաֆարյանը, Վարազդատ Հարությունյանը, իսկ դիպլոմային աշխատանքի ղեկավարն էր Միքայել Մազմանյանը։

Մասնագիտական գործունեության առաջին տարիներին նա աշխատել է «Երևաննախագիծ» ինստիտուտում՝ Գևորգ Թամանյանի արվեստանոցում։ Նրա նախագծերով Երևանում կառուցվել են բնակելի և վարչական շենքեր, դպրոցներ, այդ թվում՝ Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցը, ինչպես նաև մշակվել են Լուկաշինի անվան սովտնտեսության և Քանաքեռ-ՀԷԿ-ի բնակելի ավանների հատակագծերը։

1964 թվականից Մուրադ Հասրաթյանը իր գիտական գործունեությունը շարունակել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում՝ զբաղեցնելով տարբեր պատասխանատու պաշտոններ։ 1988 թվականից նա ղեկավարում էր ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ճարտարապետության բաժինը։ 1993 թվականին արժանացել է ճարտարապետության դոկտորի գիտական աստիճանի, իսկ 2003 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում։

Մուրադ Հասրաթյանը չափագրել և ուսումնասիրել է շուրջ 150 ճարտարապետական հուշարձան՝ դառնալով հայկական միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրության առանցքային դեմքերից մեկը։ Նա առաջինն է գիտականորեն ուսումնասիրել և փաստագրել Լեռնային Ղարաբաղի բազմաթիվ հուշարձաններ՝ Ամարաս, Դադիվանք, Գանձասար, Ղազանչեցոց տաճար և այլ արժեքավոր համալիրներ։ Նրա չափագրությունները հաճախ դարձել են ավերված հուշարձանների գոյության միակ վկայությունը։

Գիտնականը հեղինակել է շուրջ երկու տասնյակ գրքեր, հարյուրավոր հոդվածներ, մասնակցել է հայ ճարտարապետության պատմությանը նվիրված հիմնարար աշխատությունների ստեղծմանը։ Նրա աշխատանքները հրատարակվել են Հայաստանում և արտերկրում՝ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն, իտալերեն լեզուներով։

Մուրադ Հասրաթյանը եղել է Հայաստանի ինժեներական ակադեմիայի անդամ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Ճարտարապետության միջազգային ակադեմիայի թղթակից անդամ։ Արժանացել է բազմաթիվ պետական և մասնագիտական պարգևների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի (2009)։

Մուրադ Հասրաթյանի մահը մեծ կորուստ է հայ մշակույթի, գիտության և ճարտարապետական ժառանգության պահպանման համար։


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment