ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը և Բունդեսթագի պատգամավորը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները


ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը օգոստոսի 18-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) կուսակցության անդամ Ֆիլիպ Հոֆմանի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԳԴՀ դեսպանության առաջին քարտուղար Կատրին Բուդեր-Պելցը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:


 


Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև հայկական արտադրանքի՝ գերմանական շուկա արտահանման հնարավորությունների ընդլայնման շուրջ։


 


Անուշիկ Ավետյանը բարձր է գնահատել Գերմանիայի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով հայ-գերմանական հարաբերություններում տնտեսական բաղադրիչի կարևորությունը։ Նա նշել է, որ երկու երկրների միջև առկա է տնտեսական և զարգացման համագործակցության լայն օրակարգ, որի շրջանակում իրականացվող համատեղ աշխատանքը կարևոր նշանակություն ունի երկկողմ տնտեսական կապերի խորացման, մասնավոր հատվածի համագործակցության խթանման և նոր հնարավորությունների ձևավորման տեսանկյունից։


 


Անուշիկ Ավետյանը ներկայացրել է ՀՀ կառավարության՝ արտահանման դիվերսիֆիկացմանն ուղղված քաղաքականության հիմնական առաջնահերթությունները՝ կարևորելով նոր արտահանման շուկաների զարգացումը, լոգիստիկ հնարավորությունների բարելավումը, որակի ենթակառուցվածքների շարունակական ամրապնդումը, ինչպես նաև հայկական արտադրողների և միջազգային գնորդների միջև ուղիղ գործարար կապերի խթանումը։


 


Հանդիպման շրջանակում հատուկ անդրադարձ է կատարվել գերմանական Import Promotion Desk (IPD) նախաձեռնությանը։ Ընդգծվել է նախաձեռնության կարևորությունը հայկական արտահանման ներուժ ունեցող արտադրողների՝ գերմանական և եվրոպական շուկաների պահանջներին համապատասխանության գնահատման, նրանց արտահանման պատրաստվածության բարձրացմանն ուղղված աջակցության, ինչպես նաև գերմանացի ներմուծողների և գնորդների հետ ուղղակի գործարար կապերի հաստատման տեսանկյունից։


 


Կողմերը վերահաստատել են համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը և պայմանավորվել անհրաժեշտ տեղեկատվության հետագա փոխանակման միջոցով հստակեցնել փոխգործակցության հնարավոր գործնական ուղղությունները։


 

Leave a comment