Մեծ Բրիտանիայում բնակարանների գներն ամենաշատն են նվազել՝ 2018 թվականից ի վեր

Մեծ Բրիտանիայի բնակարանային շուկան 2018 թվականից ի վեր ամենաթույլ օգոստոսն է գրանցում: Այս մասին գրում է The Guardian-ը․ վաճառողները գներն իջեցնում են՝ գնորդներ գտնելու հույսով։

Rightmove-ի նոր տվյալների համաձայն, որոնց հղում է անում The Guardian-ի հոդվածը, Մեծ Բրիտանիայում այս ամիս վաճառքի հանված բնակարանների միջին պահանջվող գինը նվազել է 2%-ով՝ հասնելով 364 999 ֆունտ ստերլինգի, ինչը զգալիորեն գերազանցում է օգոստոսին գների սովորական նվազումը։

Արդյունքում, ինչպես գրում է պարբերականը, վաճառողների կողմից հայտարարություններում նշված միջին գներն այժմ 1%-ով ցածր են, քան մեկ տարի առաջ։ Վերջին ամիսներին հիփոթեքային տոկոսադրույքների աճը սառեցրել է շուկան։

Ըստ The Guardian-ի՝ Rightmove-ը նվազեցրել է նաև այս տարվա համար բնակարանների գների աճի կանխատեսումը․ այժմ ակնկալվում է, որ փոփոխությունը կլինի 0%-ից մինչև -2% միջակայքում, մինչդեռ նախկինում կանխատեսվում էր 2% աճ։

«Աշխարհաքաղաքական իրավիճակի անորոշությունը, հիփոթեքային տոկոսադրույքների փոփոխվող պայմանները և հոկտեմբերին նոր կանցլերի առաջին բյուջեն դժվարացնում են կանխատեսել, թե ինչ կլինի մինչև տարեվերջ», – զգուշացնում է ընկերությունը։

Տվյալները նաև վկայում են երկրի հյուսիսի և հարավի միջև աճող տարբերության մասին։ Հոդվածի համաձայն՝ վերջին 12 ամիսների ընթացքում Անգլիայի հյուսիսում բնակարանների գներն աճել են 1.5%-ով, մինչդեռ հարավում նվազել են 1.8%-ով։

The Guardian-ի տվյալներով՝ գներն ամենաշատը նվազել են Լոնդոնում․ մեկ տարվա ընթացքում դրանք իջել են 3.1%-ով։

Հոդվածի համաձայն՝ առավել նկատելի անկումը գրանցվել է հեղինակավոր շրջաններում։ Քենսինգթոնի և Չելսիի թագավորական շրջանում նոր հայտարարություններում նշվող միջին պահանջվող գինը նվազել է մինչև 1 552 970 ֆունտ ստերլինգ։ Մեկ ամիս առաջ այն կազմում էր 1 648 148 ֆունտ ստերլինգ, այսինքն՝ տարբերությունը գերազանցում է 95 000 ֆունտ ստերլինգը։

Leave a comment