Գործադիրը հավանություն կտա ծրագրին․.կետերից մեկը` `Կաթողիկոսի ընտրությունը
Գործադիր մարմինը վաղը հավանության կտա ՀՀ կառավարության հնգամյա ծրագրին։ Դրանից հետո այն կներկայացվի ԱԺ։
Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:
Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է «Իրական Հայաստանի» գաղափարախոսության, 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, ինչպես նաև Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինի վրա:
Ազգային ժողովի կողմից Կառավարության ծրագրի հավանության արժանանալուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է հաստատի Կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը:
Կառավարությունը իր հնգամյա ծրագրում անդրադարձ է կատարել նաեւ Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման օրակարգը ծառայում է Եկեղեցին կանոնականության դաշտ բերելուն և Եկեղեցու քաղաքականացումը բացառելուն։
Կառավարության ծրագրում նշվում է, որմ հոգևոր անվտանգության խնդիրն ապահովելու, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձնելու արտաքին ուժերի փորձերը բացառելու և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով ջանքեր են գործադրվելու հետևյալ օրակարգի իրագործման համար`
1) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը), և սահմանված կարգով իրականացվելու է Կաթողիկոսական տեղապահի ընտրություն:
2) Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնադրության ընդունումը, որով պետք է սահմանվեն ամրագրված սկզբունքների պահպանման, ֆինանսական թափանցիկության և հոգևորականների բարեվարքության ապահովման կառուցակարգեր:
3) Սահմանված կարգով ապահովվելու է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրությունը:
Ըստ ծրագրի՝ կառավարությունը ձեռնամուխ է լինելու նաև հոգևոր ծառայողներին սոցիալական երաշխիքների պետական համակարգում ներառելուն և եկեղեցու ֆինանսավորման թափանցիկությունը ապահովելուն։