Իրանցի զինվորականները Պարսից ծոցի երկրներին առաջարկել են չաջակցել ԱՄՆ-ին

Բաժանորդագրվել

Աբդոլահին ընդգծել է, որ ցանկացած օգնություն ամերիկյան զինված ուժերին Թեհրանը կդիտարկի որպես համագործակցություն ԱՄՆ-ի հետ:

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Իրանցի զինվորականները Պարսից ծոցի երկրներին առաջարկել են ԱՄՆ-Իրան հակամարտությունում հրաժարվել ԱՄՆ-ին աջակցելուց: Այս մասին հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին։

«Զգուշացնում ենք, որ ցանկացած օգնություն կամ աջակցություն, որը ցուցաբերվում է ագրեսորին՝ ամերիկացի զինվորականներին, կդիտարկվի որպես համագործակցություն ամերիկյան զինված ուժերի հետ»,- հայտարարել է նա:

Աբդոլահիի խոսքով՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի ոչ մի գործողություն չի վրիպում Իրանի ուշադրությունից:

Օգոստոսի 17-ին Al Arabiya հեռուստաալիքը հղում անելով իր աղբյուրներին՝ հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են հրադադարը երկարաձգելու մասին:

Հուլիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հունիսի 18-ի գիշերը Իրանի հետ ձեռք բերված հրադադարն այլևս չի գործում: Ամերիկացի զինվորականները հուլիսի 8-ից մի քանի շարք հարձակումներ են իրականացրել Իրանի վրա։ ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը պնդում էր, որ դա արվել է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը:

Թեհրանը պատասխանել է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ԱՄՆ-ի ռազմակայաններին հարվածներով, փակել Հորմուզի նեղուցը, ինչպես նաև Վաշինգտոնին մեղադրել ռազմական գործողությունների դադարեցման մասին հուշագիրը խախտելու մեջ:

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարեց, որ Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունը չեղարկվում է՝ հաշվի առնելով նախատեսվող գործարքը, որը, նրա խոսքով, ներառում է Հորմուզի նեղուցի բացում և իրանական միջուկային ծրագրի շուրջ պայմանավորվածություններ:

Վերջին շաբաթներին Վաշինգտոնն ու Թեհրանը միջնորդների մասնակցությամբ փորձում են համաձայնեցնել հակամարտության ավարտի վերաբերյալ նոր գործարքի պայմանները։

Leave a comment