Նիկոլ Փաշինյանի զուգընկերուհին իր համար նոր զբաղմունք է գտել․ 44-օրյա պատերազմի օրերին իր ստեղծած «քաջարի ու հայրենասեր» կանանց «Էրատո» ջոկատով մարտնչեց հանուն Արցախի, որը հետո նրա զուգընկերոջ թեթև ձեռքով հանձնվեց Ադրբեջանին, ապա իր նույն զուգընկեր Նիկոլ Փաշինյանի հետ «կրթեց» մի ամբողջ հասարակություն՝ «Կրթությունը նորաձև է» իրենց մտացածին նախաձեռնության շրջանակներում, հիմա էլ անցել է ընտանեկան բռնության դեմ պայքարի խնդրին։ Այն էլ՝ հիմա այդ խնդիրը մեր երկրում լուծելու ծանր բեռը դրել է իր նուրբ կանացի ուսերին, կարծես թե դրանով ուրիշ զբաղվող չկա՝ ի պաշտոնե։
Թե ինչու է իրեն երկրի առաջին տիկնոջ դերում զգացող Աննա Հակոբյանը հիմա էլ նման նախաձեռնությամբ փորձում մարդկանց ուշադրությունը սևեռել իր «համեստ» անձի վրա, դրդապատճառները հայտնի չեն, բայց ակնհայտ է, որ ինչպես նախորդ նախաձեռնությունները, այնպես էլ այս մեկը որևէ արդյունավետություն չի ունենալու և որևէ հարց չի լուծելու։ Սա՝ լավագույն դեպքում։ Վատագույն դեպքում նրա քայլը՝ ոչ թիրախային քայլերով, կարող է խոչընդոտ դառնալ ընտանեկան բռնության դեմ պայքարի իրական լուծմանը։ Եվ դա զարմանալի էլ չէ, քանի որ Աննա Հակոբյանն ակնհայտորեն չի տիրապետում այն գործիքակազմին, գիտելիքներին ու իրավիճակին, որոնք կապ ունեն տվյալ խնդրի հետ և կարող են նրան թույլ տալ արդյունավետ լուծումներ մշակել։
Մյուս կողմից էլ՝ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու և ընտանեկան բռնությունն առանձին, ինքնուրույն հանցագործություն ճանաչելու գործընթացը, որին իր ֆեյսբուքյան տեսաուղերձով Աննա Հակոբյանը մասնակցելու է հրավիրել նաև ընդդիմադիր կին պատգամավորներին (այդ կապակցությամբ հանդիպման է հրավիրել նաև «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին և «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին), ամենևին իր գործառույթը չէ։ Օրենքներում և օրենսգրքերում փոփոխություն կատարելու համար գոյություն ունեն պատկան կառույցներ՝ Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովները, գործադիր իշխանությունը ևս կարող է նման առաջարկներով հանդես գալ, բայց ամենևին ոչ իրեն որպես պետության առաջին տիկին ներկայացնող անձը, որի պաշտոնական կարգավիճակը և երկրի վարչապետի հետ հարաբերությունները հստակ չեն։
Եթե այս կամ այն օրենսդրական նախաձեռնության քննարկմանը կարող է մասնակցել նաև հանրային սեկտորը՝ հասարակական կազմակերպությունների, մասնագետների, փորձագետների և մասնագիտական կառույցների մակարդակով, ապա, մեր տեղեկությամբ, Աննա Հակոբյանը որևէ նման կառույց ոչ ղեկավարում է, ոչ էլ անդամակցում է դրանց, ինքն էլ, ինչպես նշեցինք, տվյալ ոլորտի փորձագետ կամ մասնագետ չէ։ Լավագույն դեպքում՝ հետևելով իր զուգընկերոջ օրինակին, այդ տիկինը կարող էր հանրային հայտարարություններով օրենսդրին և գործադիրին առաջադրանք տալ նման փոփոխություններ իրականացնել ընդդեմ ընտանեկան բռնության, կամ այդ հարցով դիմեր անձամբ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս հրահանգներ տար։ Վերջին հաշվով, Փաշինյանն ինքն է հայտարարել, որ կառավարությունն ինքն է, և կարծում ենք, որ նրա համար դժվար չէր փարատել իր զուգընկերուհու՝ Հայաստանում ընտանեկան բռնության վիճակի հետ կապված մտահոգությունները։
Նշենք նաև, որ թե՛ «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Նարեկ Կարապետյանը, թե՛ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն արդեն մերժել են Աննա Հակոբյանի հետ հանդիպման գնալը։ ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան՝ նրանք հայտնել են, որ չեն պատրաստվում հանդիպել Աննա Հակոբյանի հետ և ընդունել նրա առաջարկը։ Այնինչ, հենց երեկ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը, որի թեկնածությունն առաջադրվել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար, լրագրողի հարցին, թե հանձնաժողովի նախագահ ընտրվելու դեպքում ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցով կհամագործակցի՞ Աննա Հակոբյանի հետ, չէր բացառել նման համագործակցությունը։ ՀՅԴ-ական պատգամավորն ասել էր, որ խնդրի առողջ լուծման առաջարկների դեպքում, որից կշահի թե՛ մեր պետությունը, թե՛ հասարակությունը, ինքը կդիտարկի նման հնարավորությունը՝ հայտարարելով, թե ինքը երկխոսության կողմնակից է և գերադասում է խնդիրները լուծել, այլ ոչ թե առճակատման գնալ։ Թերևս, Լիլիթ Գալստյանի այս հայտարարությունից ոգևորվելով՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան եթերում ընդդիմադիր կին պատգամավորներին համագործակցության ձեռք մեկնեց։
Թե ինչով կավարտվի իշխանական տիկնոջ այս թվացյալ կառուցողական առաջարկն ընդդիմությանը, մոտ օրերս պարզ կդառնա։
Թագուհի Ասլանյան