Վարորդական վկայականի համար նախատեսված քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է դառնալու, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլորտում շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, հայտնում են գերատեսչությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են վարորդական իրավունքի տրամադրման ներկայիս համակարգի կատարելագործմանը, հաշվառման-քննական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և ոլորտային գործընթացները միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանեցնելուն վերաբերող հարցեր։
Սարգսյանն ընդգծել է, որ կրթական բաղադրիչի զարգացումն անվտանգային մշակույթի ձևավորման կարևորագույն ուղղություններից մեկն է։
Նա նշել է, որ նախատեսված բարեփոխումներն ուղղված են ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացմանը և այնպիսի կրթական համակարգի ձևավորմանը, որը կապահովի ոչ միայն տեսական քննությունը հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքների փոխանցումը, այլև ապագա վարորդների անվտանգ ու պատասխանատու վարքագծի ձևավորումը։
Քննարկվել է նաև ավտոդպրոցում վարորդական կրթությունը պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը։ Առաջարկին դրական արձագանքած ոլորտի ներկայացուցիչներն ընդգծել են, որ պարտադիր ուսուցումը կարող է նպաստել ապագա վարորդների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարելավմանը։
Քննարկման առանցքային թեմաներից մեկն է եղել նաև ավտոդպրոցների գործունեության լիցենզավորումը։ Մասնակիցներն առաջարկություններ են ներկայացրել լիցենզավորման պայմանների վերաբերյալ՝ նշելով, որ սահմանվելիք պահանջները պետք է երաշխավորեն ուսուցման պատշաճ պայմաններ, անհրաժեշտ տեխնիկական հագեցվածություն և անվտանգություն։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև վարորդական իրավունքի վկայական ստանալու ընթացակարգի շուրջ։ Ավտոդպրոցների ներկայացուցիչներն առաջարկել են ընդլայնել տեսական քննության հարցաշարերը և մշակել միասնական ուսումնական ձեռնարկ։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել մասնագիտական քննարկումները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա վերջնական լուծումներ մշակելու նպատակով։