Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ձևավորված դաշինքի ֆոնին Հայաստանը պետք է բարձրացնի այդ երկրների հետ հարաբերությունների մակարդակը. Հայկ Քոչարյան
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Մերձավոր արևելքում նոր ռազմաքաղաքական իրադրության ֆոնին և Թուրքիա-Սաուդյան Արաբիա-Պակիստան ձևավորվող պաշտպանական պակտի համտեքստում Հայաստանի խնդիրը պետք է լինի այս բոլոր երկրների հետ աշխատանքների ակտիվացումը: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արաբագետ Հայկ Քոչարյանը՝ անդրադառնալով օգոստոսի 7-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Սաուդյան Արաբիայի թագաժառան Մուհամմադ բեն Սալմանի կողմից ստորագրած Մեքքայի համաձայնագրին:
«Թուրքիայի պարագայում Հայաստանն ունի շատ չլուծված խնդիրներ և հարաբերություններն այլ մակարդակում են: Պակսիտանի և Սաուդյան Արաբիայի հետ ունենք նոր ձևավորվող, երիտասարդ դիվանագիտական հարաբերություններ: Այս երկու երկրներում ունենք ոչ ռեզիդենտ դեսպաններ և առաջիկայում անհարաժեշտ է օրակարգ մտցնել Ալ-Ռիյադում և Իսլամաբադում մշտական դիվանագիտական ներկայացուչություն ունենալու հարցը, որովհետև ռեզիդենտ դեսպանը շատ ավելի ընդարձակ հարցերի կկարողանա արձագանքել դիվանագիտության տեսանկյունից»,-մանրամասնեց արևելագետը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիա-Ադրբեջան ռազմական դաշինքը չի կարող ունենալ իր ազդեցությունը, որպեսզի նոր ձևավորված պակտին միանա նաև Ադրբեջանը, Քոչարյանը ասաց. «Բաքուն այս երեք երկրների հետ առանձին-առանձին բավականին բարձր քաղաքական ու ռազմական հարաբերություններ ունի: Սակայն, Ադրբեջանը իրեն չի դնի ծուղակի մեջ՝ սահմանափակելով իր դիվանագիտական կարողություններն ու մանևրելու հնարավորությունները: Հավանաբար կլինեն որոշ դեպքեր, երբ ադրբեջանական կողմը կփորձի օգտվել և առավելություններ ստանալ դաշինքից, սակայն տարածաշրջանում ներկա պահին դասավորվածությունն այնպիսին չէ, որ Բաքվին հարկադրի միանալ նման դաշինքի: Բացի այս կա նաև Իսրայելի հետ բարձր ռազմատեխնիկական հարաբերությունների և դաշինքներին չմիանալու Ադրբեջանի դիրքավորվածության հանգամանքը»:
Ըստ Քոչարյանի՝ Մեքքայի համաձայնագիրը կնքվել է այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ ողջ տարածաշրջանում շարունակվում է պահպանվել լարվածությունը՝ ուղեկցվելով տարբեր ռազմական բախումներով, որտեղ այլևս չի գործում նախկին անվտանգային ճարտարապետությունը: Կար Իսրայել, որը 2023 թվականից Գազայում, ապա նաև Եմենում, Լիբանանում և Սիրիայում ոչ հավասարաչափ ռազմական ուժի կիրառմամբ նոր փաստի առաջ էր կանգնեցրել տարածաշրջանի երկրներին, կար նաև Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելու փաստը, որի ձևավորած վարչակազմը առավել անկանխատեսելի քաղաքականություն էր սկսել որդեգրել տարածաշրջանի նկատմամբ և կար արդեն այս ամենից բխող ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական էսկալացիայի խնդիրը, որը հանգեցրել էր Հորմուզի նեղուցով և Կարմիր ծովով նավագնացության լուրջ խափանումների:
Արաբագետի խոսքերով այսպիսի իրողությունները տարածաշրջանի երկրներին հարկադրել էին նոր դաշինքների և պաշտպանական ձևաչափով համագործակցության փնտրտուքի: Արդյուքնում Սաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը անվտանգության ոլորտում ունեցած ավելի վաղ համագործակցության հիման վրա օգոստոսի 7-ին ձևավորեցին նոր պակտ: Քոչարյանի խոսքով այս նոր պակտի ձևավորման գործում մեծ ներդրում ունի նաև Եգիպտոսը, որի մասնակցությունը դրսևորվում էր սկզբում զորավարժությունների տեսքով, սակայն պակտի ստորագրման պահին նախագահ Ալ-Սիսին այդպես ներկա չգտնվեց:
«Կարծում եմ Եգիպտոսը չի միանա նոր դաշինքին, քանի որ կկրճատի տարածաշրջանում մանևրելու իր հնարավրությունները: Գուցե անվտանգային մասով Իսրայելից բխող սպառնալիքներին դիմագրավելու հնարավորություն է, սակայն Եգիպտոսը Միջերկրական ծովի արևելյան շրջանում սահմանային բնույթի ավելի շատ չլուծված հարցեր ունի հենց Թուրքիայի հետ»,-ասաց Քոչարյանը
Չբացառելով, որ այս պակտը կարող է հանդիսանալ հակակշիռ Հնդկաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների ու Իսրայելի միջև ձևավորված դաշնակցային առանցքին, բանախոսը նշեց, որ այն իր էությամբ ավելի շատ ուղղված է հենց Իսրայելին բալանսավորելու և հետագա ագրեսիվ գործողությունները տարածաշրջանում կանխելուն:
«Պայմանագիրը բացառապես պաշտպանական բնույթ ունի և փոխադարձ աջակցություն է նախատեսում միայն կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում: Սա ցույց է տալիս, որ այն չի ենթադրել այսպես կոչված պրոքսի ուժերի դեմ պայքար, այլ ունի պետական մակարդակ և ուղղված է առավել լուրջ խաղացողներից բխող մարտահրավերներին դիմակայելուն»,-ասաց Քոչարյանը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք իսլամական աշխարհի երեք ազդեցիկ սուննիական երկրների կողմից ձևավորված դաշինքը չի կարող ուղղվել նաև շիական Իրանի դեմ, արաբագետը նշեց, որ այն ինչ որ պահի կախված քաղաքական հանգամանքներից կարող է և ունենալ հակաիրանական ուղղվածություն, սակայն այստեղ դեր չունի պակտի անդամ երկրների սուննիական լինելու հանգամանքը:
«Եթե Իրանի հանգամանքը վերցնենք, ապա կտեսնենք, որ այն բավականին լավ հարաբերություններ ունի Պակիստանի հետ: Հատկապես ԱՄՆ-ի հետ հակամարտության շրջանում Իսլամաբադը ակտիվ միջնորդական դերակատարում ուներ: Ընդհանուր առմամբ դրական են հարաբերությունները նաև Թուրքիայի, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի հետ՝ չնայած վերջինի տարածքում ԱՄՆ-ի հետ հակամարտության ժամանակ ամերիկյան ռազմակայաններին հասցված հարվածներին: Ներկա պահին Իրանը պակտը դիտարկում է իր համար առավել շահեկան համատեքստում, որը հնարավորություն է տալիս արտատարածաշրջանային ուժերին դուրս մղել տարածաշրջանից, սահմանափակել տարածաշրջանում ընթացող քաղաքական գործընթացներին մասնակցությունը, և մյուս կարևոր հանգամանքը, որ եթե այն ուղղված է Իսրայելի դեմ ապա առավել քան ընդունելի է»,-ասաց Քոչարյանը:
Կապված պակտի հավանական հակաիրանական բնույթ ձեռք բերելու հետ Հայաստանի հավանական գործողությունների հետ հարցին, Քոչարյանը ասաց, որ ներկա պահին վերացական կլինի նման հարց քննարկելը: Սակայն կախված տարածաշրջանում զարգացող իրադրությունից՝ արդեն պարզ կդառնա, թե Երևանը ինչպիսի քայլեր պետք է անի կողմերի հետ հարաբերություններում բալանսավորումը պահպանելու համար, որի համար լավագույն միջոցը տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների մակարդակի բարձրացումն է: