ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և ավագ դատախազի նկատմամբ


ԱՄՆ կառավարությունը պատժամիջոցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախագահ Տոմոկո Ականեի և ավագ դատախազ Աբդուլայե Սեյեի նկատմամբ։ «Այդ անձինք անմիջականորեն մասնակցել են ՄՔԴ-ի ջանքերին՝ հետաքննելու, ձերբակալելու, կալանավորելու կամ դատական հետապնդման ենթարկելու այն պետությունների պաշտոնատար անձանց, որոնք չեն ճանաչում ՄՔԴ-ի իրավազորությունը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։


ԱՄՆ-ն, որը ՄՔԴ-ն հիմնադրած միջազգային պայմանագրի կողմ չէ, արդեն պատժամիջոցներ է կիրառել ՄՔԴ-ի առնվազն 11 պաշտոնյայի, այդ թվում՝ ինը դատավորի և գլխավոր դատախազի նկատմամբ։


Այս միջոցառումներն արգելում են նրանց մուտք գործել Միացյալ Նահանգներ և գործարքներ կատարել ամերիկյան ֆինանսական համակարգի միջոցով։


Բացի այդ, հուլիսի 13-ին Վաշինգտոնը հայտարարել է ՄՔԴ-ի դեմ լայնածավալ արշավի մեկնարկի մասին՝ Հաագայի դատարանին մեղադրելով «ԱՄՆ ինքնիշխանությանն անընդունելի սպառնալիք ստեղծելու» համար: Իր հայտարարության մեջ պետքարտուղարությունը նշել է, որ ՄՔԴ-ն հետաքննություն է սկսել Աֆղանստանում ծառայած ամերիկացի զինծառայողների և հետախուզության աշխատակիցների նկատմամբ ու հրաժարվում է փակել այդ գործերը՝ ձգտելով «դառնալ ոչ հաշվետու համաշխարհային արբիտր»։


Դատարանը նաև ձերբակալության օրդերներ է տվել Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար՝ կապված Գազայում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների հետ։

Leave a comment