Հայաստանում TRIPP-ի երթուղու, արժեքի և երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական բնութագրերի վերաբերյալ մանրամասն տվյալներ դեռ չեն հրապարակվել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին հղումով։
Նշվում է՝ կառավարությունից հավաստիացրել են, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվել են։
«Ամերիկյան կողմի հետ համատեղ ներկայում իրականացվում են TRIPP-ի իրագործման ուսումնասիրություններ, հաշվարկներ և հետազոտություններ, այդ թվում՝ երկաթուղու մասով»,- ասված է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի պատասխանում:
Գրասենյակից շեշտել են, որ բարձրացված հարցերի պատասխանները հնարավոր կլինի ներկայացնել ուսումնասիրության վերջնականացումից հետո։
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Վաշինգտոնում հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»` TRIPP ծրագրի շրջանակում Հայաստան-ԱՄՆ համատեղ աշխատանքի վերաբերյալ փաստաթուղթը։
TRIPP-ի իրականացման վերաբերյալ հրապարակված փաստաթուղթը նկարագրում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության գործարկման կարգը։ Այս շրջանակը չի առաջացնում և միտված չէ առաջացնել իրավական հանձնառություններ կամ պարտավորություններ Հայաստանի կամ ԱՄՆ-ի համար։