Վրաերթ՝ Կոտայքում. 38-ամյա հետիոտնը տեղում մահացել է
Երեկ՝ օգոստոսի 18-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 23-ամյա Ռազմիկ Ա.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 47 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Նորայր Ա.-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։
Վրաերթը տեղի է ունեցել դեպի Երևան ընթացող ճանապարհի հանդիպակաց գոտում, քանի որ դեպի Երևան ճանապարհի այդ հատվածը ասֆալտապատվում էր ու երթևեկությունը տեղի էր ունենում հանդիպակաց։ «Volkswagen»-ի վարորդն էլ այն վարել է բավականին արագ, քանի որ հարվածի վայրից մոտ 40 մետր հեռավորության վրա է հայտնաբերվել մահացածը, իսկ ավտոմեքենան էլ՝ մոտ 150-200 մետր հեռավորության վրա։