Արցախից տեղահանվածներին վարձավճարի մասնակի փոխհատուցում կտրվի․ ո՞վքեր կարող են օգտվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի կառավարությունը հաստատել է նոր միջոցառում, որով Արցախից բռնի տեղահանված առանձին խոցելի խմբերի ընտանիքներին կտրամադրվի վարձակալության վճարի մասնակի հատուցում: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանի խոսքով՝ ծրագիրը նախատեսված է այն ընտանիքների համար, ովքեր դժվարանում են բնակարան գնելու կամ կառուցելու գործընթացներն ինքնուրույն կազմակերպել և գերադասում են ստանալ կացարան պետության կողմից:


Ովքե՞ր կարող են հանդիսանալ ծրագրի շահառու 

 

Ծրագրից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիություն ունեցող այն փոքր ընտանիքները (2-3 հոգի), որոնք բաղկացած են հաշմանդամություն ունեցող անձանցից կամ 60 տարեկանը լրացած անձանցից: Սահմանված են հետևյալ չափորոշիչները.

  • 2 հոգանոց ընտանիքների դեպքում՝ անդամների տարիքային հանրագումարը պետք է լինի 115 և ավելի:
  • 3 հոգանոց ընտանիքների դեպքում՝ տարիքային հանրագումարը պետք է լինի 175 և ավելի:
  • Միայնակ անձինք ևս կարող են դիմել, եթե ունեն հաշմանդամություն կամ 60-ից բարձր տարիք:

Պետությունը յուրաքանչյուր անձի համար ամսական կհատկացնի 40,000 դրամ: Աջակցությունը տրամադրվում է 120 ամիս (10 տարի) ժամկետով: 

Փոխնախարարը նշել է, որ սա մասնակի հատուցում է. եթե Երևանում այն կարող է փակել վարձավճարի միայն մի մասը, ապա մարզերում այս գումարը հաճախ կարող է ամբողջությամբ ծածկել բնակարանի վարձը:


Ինչպե՞ս դիմել ծրագրին

 

 Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ քայլերով.

  1. Մոտենալ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն և գրանցվել սոցիալական բնակարանի հերթացուցակում:
  2. Լրացնել հրաժարման ձև, որով ընտանիքի բոլոր անդամները գրավոր հրաժարվում են բնակարանի ձեռքբերման հավաստագրից:
  3. Գրանցվելուց հետո դիմել housing.am թվային հարթակով:

Ծրագրի պարտադիր պայմանն է վարձակալի և վարձատուի միջև ֆորմալ պայմանագրի առկայությունը, որը պետք է գրանցված լինի Պետական եկամուտների կոմիտեում: Սա անհրաժեշտ է թե՛ հարկային պարտավորությունների, թե՛ երկու կողմերի իրավունքների պաշտպանության համար:

Ըստ փոխնախարարի՝ այս ծրագիրն ընտրելու դեպքում անձը հրաժարվում է բնակարանի հավաստագրից և սոցիալական բնակարանի հերթից:

Նշվում է, որ եթե հետագայում քաղաքացին որոշի դուրս գալ վարձակալության հատուցման ծրագրից, նա այլևս չի կարողանա վերականգնել իր իրավունքը նախկին ծրագրերում:

Ծրագիրը պաշտոնապես մեկնարկել է այս տարվա հուլիսի 1-ից:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

 

Leave a comment