Քաղաքականություն
19.08.2026 | 11:09
Խորհրդարանում պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հարցադրում բարձրացրեց Հայաստանի «դեպի արևմուտք թեքվելու» հնարավորության վերաբերյալ՝ հիշեցնելով Նարեկ Կարապետյանի ավելի վաղ արած հայտարարությունն այն մասին, որ Արևմուտք գնալու ճանապարհն անցնում է Թուրքիայով։
ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրված Արեգա Հովսեփյանը, արձագանքելով հարցին, հաստատեց, որ քարտեզի վրա Հայաստանից արևմուտք իսկապես Թուրքիան է, սակայն հավելեց. «Մենք կարող ենք ունենալ արևմուտքում հարևան որպես Թուրքիա, բայց կարող ենք խորացնել մեր հարաբերությունները և պետք է խորացնենք մեր հարաբերությունները Եվրոպայի հետ»:
Հովսեփյանը հստակ տարանջատում մտցրեց եվրաինտեգրման տարբեր մակարդակների միջև՝ նշելով, որ «եվրաինտեգրումը, Եվրոպական միության անդամակցությունը, Եվրոպայի հետ հարաբերությունների խորացումը իրար հետ փոխկապակցված, բայց նույնական չեն»: Նրա խոսքով՝ ԵՄ անդամակցությունը «երրորդ մակարդակն է», որը «ոչ հիմա որոշելիքն է, ոչ էլ մոտակա տասնամյակների հարց է», քանի որ ներկայում դա այլընտրանք չի համարվում:
Ի պատասխան ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ հնարավոր հանրաքվեի մասին հարցին՝ Հովսեփյանը քննադատեց ներկայացված օրենքի նախագիծը՝ այն անվանելով «մեկ տողանոց օրենք առանց հիմնավորումների»: Նա ընդգծեց հակասությունը գործադիրի հայտարարությունների և օրենսդրական նախաձեռնության միջև՝ նշելով. «Չունենալով այս այլընտրանքը՝ անկեղծ չի լինի մեր բնակչությանը նման հարցի առաջ կանգնեցնելը»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան