Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու. ՀՀ ՆԳՆ

Բաժանորդագրվել

Նախարարի և ոլորտի ներկայացուցիչների քննարկման կարևոր ուղղություններից է եղել ավտոդպրոցների գործունեության լիցենզավորումը։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Վարորդական վկայական ստանալու քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու։ Այս մասին հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։

Նշվում է, որ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ավտոդպրոցների և հաշվառման-քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Քննարկման առանցքում եղել են վարորդական իրավունքի տրամադրման գործող համակարգի կատարելագործման, հաշվառման-քննական ծառայությունների արդյունավետության բարձրացման և ոլորտային գործընթացների՝ միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցերը։

Սարգսյանն ընդգծել է, որ կրթական բաղադրիչի խթանումը անվտանգային մշակույթի ձևավորման առանցքային ուղղություններից է:

Նա նշել է, որ նախատեսվող բարեփոխումների նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումն է՝ ձևավորել այնպիսի կրթական համակարգ, որը կապահովի ոչ միայն տեսական քննությունը հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքների փոխանցումը, այլև ապագա վարորդների անվտանգ և պատասխանատու վարքագծի ձևավորումը։

«Քննարկվել է ավտոդպրոցում վարորդական կրթությունը պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը։ Առաջարկին դրական արձագանքած ոլորտի ներկայացուցիչներն ընդգծել են, որ պարտադիր ուսուցումը կարող է նպաստել ապագա վարորդների տեսական գիտելիքների և գործնական հմտությունների բարելավմանը»,– ասված է հաղորդագրությունում։

Քննարկման կարևոր ուղղություններից է եղել ավտոդպրոցների գործունեության լիցենզավորումը։ Մասնակիցները ներկայացրել են լիցենզավորման պայմանների վերաբերյալ առաջարկություններ՝ ընդգծելով, որ սահմանվող պահանջները պետք է ապահովեն ուսուցման պատշաճ պայմաններ, տեխնիկական հագեցվածություն և անվտանգություն։

Մտքեր են փոխանակվել նաև վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի վերաբերյալ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մասնագիտական քննարկումները՝ ներկայացված առաջարկությունների հիման վրա վերջնական լուծումներ մշակելու նպատակով։

Լավություն` ուրիշի կյանքի հաշվին. ինչպես կարելի էր լուծել դժգոհ վարորդների հարցը

Leave a comment