Evocabank-ը Moody’s-ից ստացել է Ba3 վարկանիշ՝ դրական հեռանկարով, որը համապատասխանում է Հայաստանի սուվերեն վարկանիշին։
Evocabank-ը Moody’s Ratings-ի կողմից ստացել է Ba3 երկարաժամկետ տեղական արժույթով և արտարժույթով ավանդների և թողարկողի վարկանիշներ, որոնք գտնվում են Հայաստանի Հանրապետության (Ba3 positive) սուվերեն վարկանիշի նույն մակարդակում։
Moody’s-ի գնահատմամբ՝ Evocabank-ի Ba3 վարկունակության բազային գնահատականը (Baseline Credit Assessment, BCA) արտացոլում է Բանկի կապիտալի ամուր բուֆերը, կայուն շահութաբերությունը և ֆինանսավորման դիվերսիֆիկացված բազան։
Moody’s-ը նաև ընդգծում է Evocabank-ի վարկային պորտֆելի դիվերսիֆիկացված կառուցվածքը՝ կորպորատիվ, փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և մանրածախ վարկավորման հատվածներում, ինչպես նաև Բանկի կենտրոնացումը գրավով ապահովված վարկավորման վրա։
Բանկի ֆինանսավորման բազան ևս գնահատվել է որպես դիվերսիֆիկացված՝ պայմանավորված ձևավորված հաճախորդային բազայով և միջազգային ֆինանսական հաստատությունների հետ երկարամյա համագործակցությամբ։
Moody’s-ի կողմից շնորհված վարկանիշները կարևոր ձեռքբերում են Evocabank-ի համար՝ ամրապնդելով Բանկի ճանաչելիությունը և նպաստելով միջազգային ֆինանսական հաստատությունների ու ներդրողների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը։