Հայտնի է «Ուժեղ Հայաստանի»՝ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի անունը

Քաղաքականություն

18.08.2026 | 17:41

Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արեգա Հովսեփյանին։

Նշենք, որ խմբակցությունը նախագահի թեկնածուներ է առաջադրել նաև Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի (Դավիթ Ղազինյան) և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններում (Հայկ Ֆարմանյան)։

Առանց «Քաղաքացիական պայմանագրի» ձայների ընդդիմադիր հանձնաժողովի նախագահ չի կարող ընտրվել։ Խորհրդարանական մեծամասնությունը դեռ չի հայտնել՝ ընտրելո՞ւ է ընդդիմության թեկնածուներին, թե՞ ոչ։

Ըստ հրապարակված կենսագրական տվյալների՝ Արեգա Հովսեփյանը ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 7-ին, Ստեփանակերտում։ Զբաղվել է արցախահայերի իրավունքների պաշտպանության հարցերով և ղեկավարել է «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» ՀԿ-ն։

2025-ին նա ներգրավված է եղել «Մեր ձևով» ժողովրդական շարժման գործունեության մեջ, իսկ հետագայում՝ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժում։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով և ընտրվել է  Ազգային ժողովի 9-րդ գումարման պատգամավոր։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment