DW-ի հաղորդմամբ՝ ԵՄ ևս չորս երկիր կդադարեն ճանաչել ՌԴ-ի ոչ բիոմետրիկ անձնագրերը։
ԵՄ միգրացիայի և ներքին գործերի գերատեսչության կայքում նշվում է, որ այդ կանոնները կսկսեն գործել հոկտեմբերի 1-ից Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Նիդեռլանդներում և Շվեդիայում։ Միևնույն ժամանակ, Շվեդիայի իշխանությունները կշարունակեն թույլատրել մուտքը ոչ բիոմետրիկ անձնագրերով այն ռուսաստանցիներին, որոնք արդեն ունեն գործող վիզա կամ կացության թույլտվություն այդ երկրում, ԵՄ այլ պետություններում կամ Շենգենյան գոտու երկրներում, ասվում է Եվրահանձնաժողովի փաստաթղթում։ Բենիլյուքսի երկրները նման հնարավորություն չեն տրամադրի։
Այսպիսով, մոտ ապագայում ՌԴ-ի ոչ բիոմետրիկ անձնագրերը չեն ճանաչի արդեն 15 եվրոպական երկիր։ Ավելի վաղ նման որոշման մասին հայտարարել էին Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Չեխիան, Ռումինիան և Դանիան։ Բացի այդ, նման կանոններ գործում են նաև Իսլանդիայում, որը ԵՄ անդամ չէ, սակայն Շենգենյան գոտու անդամ է։ ԵՄ երկրները ոչ բիոմետրիկ անձնագրերը չճանաչելու որոշումը պայմանավորել են նաև նման փաստաթղթերի կեղծման ռիսկերով և դրանց տերերի ինքնությունը հուսալիորեն ստուգելու անհնարինությամբ՝ Եվրոպայում ռուսական հատուկ ծառայությունների գործունեության ֆոնին։