Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Խաչատրյանը (72 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտ կանցկացնի Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում:
Մեկնարկային գոտեմարտում պարտություն կրելուց հետո հայ ըմբիշը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար և սփոփիչ գոտեմարտերում հաղթեց մոլդովացի ու վրացի մրցակիցներին: Երեկոյան մրցահերթում Խաչատրյանը բրոնզե մեդալը կվիճարկի ուզբեկ Բեհրազբեկ Վալիևի հետ:
Օգոստոսի 18-ին պայքարը սկսել են Հայաստանի վերջին երկու ներկայացուցիչներ Մարատ Աճեմյանը (60 կգ) և Վահե Հովհաննիսյանը (82 կգ): Աճեմյանը պարտվել է մեկնարկային գոտեմարտում, իսկ Հովհաննիսյանը մեկնարկել է հաղթանակով ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:
Օգոստոսի 18-ին բրոնզե մեդալի համար գոտեմարտելու են նաև Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) և Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ):
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-20 հավաքականը նախօրեին երկու մեդալ էր նվաճել ԱԱ-ում: Սամվել Տերտերյանը (77 կգ) դարձել էր աշխարհի Մ-20 չեմպիոն, իսկ Յուրիկ Պետրոսյանը (87 կգ)՝ արծաթե մեդալակիր: