«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Մարտին Հովսեփյանը մոտ մեկ ամիս է՝ հացադուլի մեջ է։ Այս մասին ահազանգում է նրա մորաքրոջ որդին՝ Մհեր Մխոյանը։ Վերջինիս խոսքով՝ զարմիկը պահանջում է իր նկատմամբ ընտրված կալանքը փոխարինել տնային կալանքով, որպեսզի կարողանա խնամել առողջական խնդիրներ ունեցող մորը։
Բացի այդ, ըստ մեզ ահազանգած Մխոյանի, Մարտինը ևս առողջական խնդիրներ ունի, օրեր առաջ խցում ինքնազգացողությունը վատացել է։ Նա դժգոհել է նաև խցի պայմաններից, որտեղ պահվում է հացադուլի ընթացքում։
Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունից հայտնում են․ «Մարտին Հովսեփյանը հուլիսի 20-ից հայտարարել է հացադուլ, դեռ շարունակում է, պատճառը քրեական գործն է։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում խցի հետ կապված խնդիրներ չկան, նա գտնվում է վերանորոգված խցում»։
Նշենք, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում առկա են տվյալներ՝ Մարտին Հովսեփյանին վերագրվող արարքի վերաբերյալ։
Ըստ այդմ՝ «Մարտին Սամվելի Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի դեկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում այցելել է Դարպաս բնակավայրում բնակվող իր ծանոթ Եվգենի Նիկոլաևիչ Չեկմեզովին, և նախապես տեղյակ լինելով նրա հաշվին առկա գումարի մասին, այն ավազակությամբ հափշտակելու նպատակով իր հետ նախապես տարած որպես զենք հանդիսացող էլեկտրաշոկով հանկարծակի հարվածել է նրան, որի ընթացքում Եվգենի Նիկոլաևիչ Չեկմեզովը դիմել է փախուստի, սակայն Մարտին Հովսեփյանը, նրան տան բակում բռնելով, ձեռքերը իր մոտ նախապես պահած սև գույնի պլաստմասե լարով կապել, այդ կերպ նրան շահադիտական դրդումներով, հափշտակություն կատարելու նպատակով, ապօրինի զրկել է ազատությունից, ապա բռնություն գործադրելով ստիպելով տարել է տուն շարունակել բռնություն գործադրել, հարվածներ հասցրել և հարկադրաբար պահել ձեռքերը կապված վիճակում ստիպելով, որ իր կողմից փոխանցված հաշվեհամարին փոխանցի 10.000 ԱՄՆ դոլար գումար՝ սպառնալով այն չփոխանցելու դեպքում կանչել դրսում սպասող ազգությամբ մեկ վրացի և մեկ ղազախ ծանոթներին, ասելով, որ եթե նրանց կանչի իր համար լավ չի լինի, ինչից հետո Եվգենի Նիկոլաևիչ Չեկմեզովը նրա կողմից փոխանցված հաշվեհամարին է փոխանցել 3.811.566 ՀՀ դրամին և 9.991 ԱՄՆ դոլարին համարժեք 9.994 USDT, ինչը վերջինս ավազակությամբ հափշտակել է, ապա իր մոտ գտնվող ապօրինի ձեռք բերված «դիազեպամ» տեսակի հոգեմետ նյութ հանդիսացող դեղահաբը տվել է Եվգենի Նիկոլաևիչ Չեկմեզովին՝ ստիպել նրան մտցնել բերանը, այդ կերպ իրացնելով հոգեմետ նյութ և սպառնացել, որ իր նկատմամբ կատարված վերոհիշյալ գործողությունները ոստիկանությանը հայտնելու դեպքում նրան կներկայացնի որպես թմրամոլ: Բացի այդ, նշված գործողությունները կատարելուց հետո, Մարտին Հովսեփյանը Եվգենի Նիկոլաևիչ Չեկմեզովին իր կամքին հակառակ բռնություն կիրառելու սպառնալիքով տարել է իր տուն, որտեղ մինչև առավոտ հարկադրաբար պահել է ասելով, որ իրեն պահում է, որպեսզի ոստիկանության աշխատակիցները չբացահայտեն իրեն, սակայն առավոտյան Եվգենի Նիկոլաևիչ Չեկմեզովին հաջողվել է վերջինիս տանից դիմել փախուստի և կատարվածի մասին հայտնել ոստիկանությանը»։
Հովսեփյանը մեղադրանքը չի ընդունում։
Արաքս Մամուլյան