Մոսկվան և Մոսկվայի մարզը օգոստոսի 18-ի գիշերը ենթարկվել են վերջին տարիների ամենազանգվածային անօդաչու թռչող սարքերի հարձակումներից մեկին։ Ռուսական իշխանությունների տվյալներով՝ օգոստոսի 17-ի երեկոյից մինչև օգոստոսի 18-ի առավոտյան ժամը 05։00-ն Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ շարժվել է 620 անօդաչու թռչող սարք։
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ դրանցից 180-ը ոչնչացվել է Մոսկվայի տարածաշրջանում։
Հարձակման հետևանքով անօդաչու սարք է ընկել Մոսկվայի մարզի Բոգորոդսկի քաղաքային օկրուգում՝ «Ատլանտ-Պարկ» արտադրական և պահեստային համալիրի տարածքում գտնվող Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա։ Պահեստում հրդեհ է բռնկվել։ MediaHub-ին մոսկվաբնակ Դիանա Հարությունյանը հայտնել է, որ, իր տեղեկություններով, պահեստի աշխատակիցների շրջանում տուժածներ չկան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում օր օրի նոր խնդիրներ են առաջանում։ Վառելիքի թանկացումից բացի՝ նկատվում է նաև մթերքի, մասնավորապես՝ մրգերի և բանջարեղենի գների աճ։ «Մեր հայրենակիցների մի մասը վերադարձել է Հայաստան, մեծ մասը պատրաստվում է վերադառնալ։ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջաններում կյանքը, ընդհանուր առմամբ, նույն ռիթմով է ընթանում, սակայն վերջին հարձակումները թևաթափ են արել թե՛ տեղի բնակչությանը, թե՛ մեզ»,- նշել է Դիանան։
Անօդաչու սարքերով հարձակման հետևանքները չեն սահմանափակվել միայն Wildberries-ի օբյեկտով։ Տարբեր բնակավայրերում վնասվել են մասնավոր տներ, ավտոմեքենաներ, տրանսֆորմատորային ենթակայան և այլ շինություններ, մի շարք վայրերում հրդեհներ են բռնկվել։
Մասնավորապես, Բոգորոդսկի օկրուգում վնասվել է երկու մասնավոր տուն, Նոգինսկում հրդեհվել է հյուրատուն, Կոլոմնայում վնասվել են վարչական և առևտրային շինություններ, իսկ ընկած բեկորների հետևանքով հրդեհ է բռնկվել առևտրային տաղավարում։ Էլեկտրոստալում վնասվել է տրանսֆորմատորային ենթակայան, իսկ Ռամենսկի շրջանում՝ մասնավոր տուն։
Զանգվածային հարձակման պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է նաև Մոսկվայի օդանավակայանների աշխատանքը։ Ռուսական աղբյուրների համաձայն՝ թռիչքների սահմանափակումներ են սահմանվել «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում։
Այսպիսով, վերջին օրերին Մոսկվայի ուղղությամբ անօդաչու սարքերի կիրառման ինտենսիվությունը զգալիորեն աճել է։ Ռուսական կողմի հրապարակած տվյալների համաձայն՝ օգոստոսի 18-ի գիշերվա հարձակումը ծավալով գերազանցել է նաև օգոստոսի 16-ի գրոհը և, ռուսական աղբյուրների գնահատմամբ, դարձել է Մոսկվայի դեմ վերջին երկու տարվա ամենախոշոր օդային հարձակումներից մեկը։