«Մուլտի Ուելնես»-ի և Կադաստրի վեճով նախնական նիստը նշանակվել է հաջորդ տարի (PAN.am)

Վարչական դատարանը վարույթ է ընդունել նախկինում գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես»-ի հայցը Կադաստրի կոմիտեի դեմ, իսկ նախնական նիստը նշանակվել է 2027-ի փետրվարի 16-ին։

Ընկերությունը վարչական դատարան է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել Կադաստրի կոմիտեի կատարած պետական գրանցումը, որով դադարեցվել են Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքի նկատմամբ ընկերության իրավունքները, իսկ այն հանձնվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը։

Վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանը հայցը վարույթ է ընդունել՝ այն մերժելու համար հիմքեր չարձանագրելով։ Մուրադյանը Կադաստրի կոմիտեից պահանջել է որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարանին տրամադրել կադաստրային գործին վերաբերող բոլոր նյութերը։

Խորհրդարան չանցած «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդմանը զուգահեռ, երբ կուսակցությանը խորհրդարանում հայտնվելու համար ընդամենը մի քանի տասնյակ ձայն է պակասել, իրավապահները կապարակնքել են նաև նրա ընտանիքին պատկանող խոշոր բիզնեսները։

Երևանի քաղաքապետարանը հայտարարել է, որ խզում է վարձակալության պայմանագիրը, և մարզական համալիրն այսուհետ գործելու է քաղաքապետարանի ենթակայությամբ։ Ստացվում է, որ քաղաքապետարանը վերցրել է ոչ միայն համայնքին պատկանող հողը, այլև շենքն ու դրա ներսում եղած գույքը։ Մարզասրահն այժմ գործում է քաղաքապետարանի ենթակայությամբ՝ Yerevan Wellness Center անվամբ։

Leave a comment