ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների որոշ խմբերի համար նախատեսված վարձավճարի մասնակի հատուցման մասին։
Միջոցառման շրջանակում վարձակալության վճարի մի մասը հատուցվել է այն ընտանիքներին, որոնք հրաժարվել են բնակապահովման պետական աջակցության ծրագրից օգտվելու իրենց իրավունքից։
Ծրագրի շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնք՝
- ունեն 1-3 անդամ, համապատասխանել են ծրագրով սահմանված պայմաններին կամ Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրի շրջանակում չեղարկել են իրենց հավաստագիրը,
- ընդգրկված են պետական սոցիալական բնակարանային ֆոնդից կացարան ստանալու հերթացուցակում,
- ընտանիքում ունեն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող, անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խոր կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 և ավելի տարեկան անդամ,
- երկու անդամից բաղկացած ընտանիքի դեպքում անդամների տարիքների ընդհանուր գումարը կազմել է առնվազն 115, իսկ երեք անդամի պարագայում՝ առնվազն 175։
Դիմումների ընդունումն իրականացվել է առցանց։ Դիմումը ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է եղել այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն՝ սոցիալական բնակարանային ֆոնդի հերթացուցակում ընդգրկվելու համար։