Հայաստանում զբոսաշրջային գործունեությունը չծանուցելու համար կարող է սպառնալ մինչև ազատազրկում։` կախված վնասի չափից
ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի․/ԱՌԿԱ/. Զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք պարտադիր պետք է ծանուցեն իրենց գործունեության մասին ,հակառակ դեպքում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կկիրառվեն պատասխանատվության միջոցներ՝ տուգանքից մինչև ազատազրկում` կախված վնասի չափից, հայտնել է Զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջության քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանը։
2026 թվականի օգոստոսի 13-ի կառավարության նիստում ընդունվեց որոշում, որով հաստատվում է զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց վերաբերյալ տվյալների շտեմարանի կանոնակարգը։
«Այս կանոնակարգի և թվայնացման նպատակն է զբոսաշրջային ծառայություն մատոցող անձանց համար ծանուցման գործընթացն ավելի պարզ, թափանցիկ դարձնելը և ավելի արագ և մատչելի այս գործընթացն իրականացնելը», – ասաց Մկրտչյանը ասուլիսի ժամանակ` հավելելով, որ այն կազմում է պետության կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացման ամբողջ գործընթացի մի մասը։
Նա հայտնեց, որ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձինք կարող են notifytourism.gov.am հարթակում գրանցվել «Ես եմ» նույնականացման համակարգի միջոցով, այնուհետև ծանուցել իրենց գործունեության մասին Զբոսաշրջության կոմիտեին։
«Կանոնակարգը սահմանում է, թե ով է կառավարում զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց տվյալների շտեմարանը, որ պետական մարմինները կարող են օգտվել այս շտեմարանից, ինչ պայմաններով է շտեմարանը գործելու, թարմացման պայմանները և ընդհանուր առմամբ շտեմարանի վերաբերյալ այլ դրույթներ», – նշեց Մկրտչյանը։
Անդրադառնալով նոր կարգավորման անհրաժեշտությանը՝ նա նշեց, որ Զբոսաշրջության կոմիտեն բազմաթիվ բողոքներ էր ստանում ոլորտում առկա ոչ հավասար մրցակցային դաշտի վերաբերյալ։
«Շատ տնտեսվարողներ, որոնք աշխատում էին բոլոր պայմանները պահպանելով, իրենց կողքին տեսնում էին այլ ծառայություններ մատուցողների, որոնք առանց պետական գրանցման, առանց հարկեր վճարելու և առանց աշխատողներ ունենալու կարողանում էին նույն ծառայությունները մատուցել և ավելի շատ եկամուտներ ունենալ», – մանրամասնեց նա՝ հավելելով, որ լրջագույն խնդիր էր նաև զբոսաշրջիկներին մատուցվող տեղեկատվության անվտանգությունը։
Նա հայտնեց, որ հարթակն ամբողջությամբ պատրաստ է, այժմ ընթանում են թեստավորման աշխատանքներ, և հոկտեմբերի 15-ին՝ կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուն պես, այն պաշտոնապես կգործարկվի։
Ինչպես հայտնեց Մկրտչյանը, տվյալների ստացումն իրականացվելու է փոխգործելիության շրջանակում, ինչը նշանակում է, որ եթե տնտեսվարողն արդեն ներկայացրել է որոշակի տվյալներ պետական այլ հարթակներում, կարիք չի լինի դրանք նորից լրացնել։
Ծանուցման համակարգի ամբողջական գործարկումից հետո Կոմիտեի պաշտոնական կայքում հասանելի կլինի ծանուցում ներկայացրած բոլոր զբոսաշրջային ծառայություն մատուցողների ցանկը։ Սա հնարավորություն կտա սպառողներին և զբոսաշրջիկներին նախապես ստուգել, թե արդյոք տվյալ անձը կամ ընկերությունը պատշաճ կերպով ծանուցել է իր գործունեության մասին։
Թեև հարթակն ամբողջությամբ պատրաստ կլինի հոկտեմբերի 15-ից, հնարավոր է, որ սկզբնական փուլում ծանուցեն միայն զբոսաշրջային օպերատորներն ու գործակալները՝ կախված համակարգի պատրաստվածության աստիճանից, իսկ մյուս ծառայություն մատուցողները կմիանան փուլային տարբերակով։
Կանոնակարգի համաձայն՝ ծանուցումն անժամկետ է, սակայն զբոսաշրջային ծառայություն մատուցողները պարտավոր են ամեն տարի պետական տուրք վճարել, քանի որ ծանուցման ենթակա գործունեություն իրականացնելը ենթադրում է տարեկան տուրքի պարտավորություն։ Տուրքի չափը տատանվում է 5 000-ից մինչև 150 000 դրամի սահմաններում՝ կախված գործունեության տեսակից։