Ferrari-ի առաջին ամբողջությամբ էլեկտրական ավտոմեքենայի՝ Luce-ի անհատականացված տարբերակը Կալիֆոռնիայում կայացած Sotheby’s-ի բարեգործական աճուրդում վաճառվել է 40 մլն դոլարով՝ սահմանելով աճուրդում նոր ավտոմեքենայի համար վճարված ռեկորդային արժեք: Այս մասին հայտնում է CNBC-ն։
Բացառիկ էլեկտրամեքենայի գնորդի անունը չի հրապարակվում, սակայն հայտնի է, որ վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի իտալական ավտոարտադրողի կրթական հիմնադրամին։ Վաճառված լոտը անհատականացման ծրագրի շրջանակում արտադրված առաջին սերիական շասսին էր, որը ստացել է եզակի կիսափայլ մակերեսային հարդարում և ոչ ստանդարտ դետալներ՝ պատրաստված հաճախորդի հստակ տեխնիկական բնութագրերին համապատասխան։
Luce մոդելի պաշտոնական ներկայացումը տեղի է ունեցել մոտ երեք ամիս առաջ, իսկ ավտոմեքենայի բազային արժեքը կազմել է 550 հազար եվրո կամ մոտ 640 հազար դոլար։ Սկզբում էլեկտրամեքենայի շուկա դուրս գալը թերահավատություն էր առաջացրել, իսկ ոչ ստանդարտ դիզայնը՝ փորձագետների բացասական արձագանքը։ Սակայն Ferrari-ի գլխավոր տնօրեն Բենեդետտո Վինյան նշել է, որ ընկերությունը հարգում է իր հաճախորդների «տարբեր կարիքներն ու ցանկությունները»։
Անցյալ ամիս ավտոարտադրողը բարձրացրել է տարեկան կանխատեսումը՝ անհատականացման նկատմամբ բարձր պահանջարկի ֆոնին, իսկ ընկերության բաժնետոմսերը Միլանի ֆոնդային բորսայում տարեսկզբից աճել են գրեթե 12%-ով։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։