Քեւին Լամուրը հրաժարական է տվել ՖԻՖԱ-ի գլխավոր գործառնական տնօրենի պաշտոնից։ Ավելի վաղ նա քննադատել էր ղեկավարությանը Աշխարհի առաջնության իրավունքների մի մասը վաճառելու ծրագրերի համար։
Հուլիսի վերջին մենեջերը հայտարարել էր. «Սա մեկ մարդու նախագիծ է։ Այս նախագիծը ոչ միայն չպետք է իրականացվի, այլև եկել է ժամանակը, որ ֆուտբոլի քաղաքական առաջնորդները իրենց ճիշտ հարցեր տան և ճիշտ որոշումներ կայացնեն։ Եվ եթե դա նշանակում է, որ ես կկորցնեմ աշխատանքս, ապա թող այդպես էլ լինի»։
Այսօր ՖԻՖԱ-ի խոսնակը հայտարարել է. «ՖԻՖԱ-ն հաստատում է, որ ՖԻՖԱ-ի և գլխավոր գործառնական տնօրեն Քեւին Լամուրի միջև աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են օգոստոսի 17-ից։ ՖԻՖԱ-ն շնորհակալություն է հայտնում Քեւինին վերջին երկու տարիների ընթացքում իր ծառայության համար և մաղթում է նրան ամենայն բարիք»։
«Sky News»-ը հաղորդել է, որ Լամուրը ազատվել է աշխատանքից, իսկ կազմակերպությունը հրաժարվել է տրամադրել բաժանման մանրամասները։